Wednesday, August 18, 2010

Ռուսաստանը Հայաստանին ապահովելու է ռազմական ժամանակակից տեխնիկայով. Նալբանդյան

Ռուսաստանը Հայաստանին ապահովելու է ռազմական ժամանակակից տեխնիկայով: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Россия-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում: Պատասխանելով լրագրողի հարցին, Նալբանդյանն ասել է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարելիք այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեության երկարաձգման մասին համաձայնագիր: Նալբանդյանի խոսքով, եթե մինչ այդ համաձայնագիրը ռուսական ռազմաբազան գործել է 25 տարի, ապա այժմ այն գործելու է 49 տարի` սկսած 1995-ից: «Ավելի հստակ ձևակերպում է նշվելու այն մասին, որ ռուսական ռազմական բազան Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ և Ռուսաստանի շահերը հաշվի առնելով պաշտպանելու է Հայաստանի անվտանգությունը: Եվ այդ նպատակների իրականացման համար ռուսական կողմը օժանդակելու է` Հայաստանի Հանրապետությանը ապահովելով ռազմական ժամանակակից տեխնիկայով», -մանրամասնել է նախարար Նալբանդյանը: Նկատենք, որ 102-րդ ռուսական ռազմական բազան Հայաստանի Գյումրի քաղաքում է գտնվում 1995 թվականից:

No comments: