Wednesday, August 18, 2010

Բոյկոտե՞լ, ինչի մասին է խոսքը. Ստեփան Գրիգորյանը՝ Սուրբ Խաչի պատարագի մասին

Tert.am. 18-8-2010- «Ես զարմացած եմ, որ մենք այդքան հեշտ դրանից հրաժարվում ենք։ Չեմ ուզում ձեզ նեղացնել, բայց ինձ մոտ կասկածներ են առաջանում՝ իրո՞ք մենք համարում ենք, որ դա հայկական է, մերն է, թե՝ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը վրդովված ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով Ախթամարի Սուրբ խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին չմասնակցելու վերաբերյալ կոչերին։ Ըստ քաղաքագետի՝ հայերը պետք է այնտեղ լինեն ոչ միայն այն պատճառով, որ թուրքական կառավարությունն ինչ-որ քայլեր է անում, այլ քանի որ այդ եկեղեցին մերն է, և հնարավորություն կա գնալու։ Նա հիշեցրեց, որ 70 տարի ոչ միայն հայերը, այլև եվրոպացիները չէին կարողացել մտնել այդ տարածք։ Գրիգորյանը հույս հայտնեց, որ այդ եկեղեցիները քրիստոնյա համայնքին վերադարձնելու միտումը Թուրքիայում կշարունակի։ «Եթե մենք չմասնակցենք, հույներ կան, ասորիներ կան, նրանք առիթից կօգտվեն։ Հասկացանք՝ Թուրքիան իր շահն ունի, բայց չհասկացանք՝ մենք այնտեղ շահ չունե՞նք»,- հարցադրում արեց նա։ «Բոյկոտե՞լ, ինչի մասին է խոսքը, չեք ուզում, մի գնացեք։ Ես ողջունում եմ մեր եկեղեցականների որոշումը, որ իրենք մասնակցելու են։ Դա լուրջ իրադարձությունն է, 80 տարի ոչ մի եկեղեցի Արևմտյան Հայաստանում չի գործել»,- ընդգծեց նա։ Բանախոսը հիշեցրեց Վրաստանի վերբերմունքը հայկական եկեղեցիների նկատմամբ՝ նշելով. «Վրաստանն էլ հո բարեկամ երկիր է»։

No comments: