Saturday, August 14, 2010

Մեկնարկել է Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովը

Երևանում այսօր մեկնարկել է Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովը, որը ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է 2004 թվականից: Երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովները խնդիր ունեն քննարկել արտերկրում հայկական կրթօջախների հիմնախնդիրները, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը: Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի բացման խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընթերցել է Սերժ Սարգսյանի ուղերձը համաժողովի մասնակիցներին: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՆ-ից, Արմեն Աշոտյանը նշել է, որ համաժողովը նպատակ ունի Հայաստանի, Սփյուռքի, Արցախի, Ջավախքի կրթության և գիտության ոլորտի պատասխանատուների հետ քննարկել ապագա երկու տարիների համար նախատեսված խնդիրների լուծման տարբերակները: «Իմ ակնկալիքները համաժողովից մեծ են: Երեք օրվա աշխատանքի ընթացքում պետք է ծնվի նոր բանաձև, պետք է հստակեցնել հին ծրագրային ուղղությունները, լսել նոր առաջարկներ»,- ասել է րմեն Աշոտյանը: Համաժողովն օգոստոսի 13-17-ը իր աշխատանքները կշարունակի Ծաղկաձորում, որտեղ կքննարկվեն Սփյուռքի համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերը, հայագիտական առարկաների դասավանդման և դաստիարակության, տարրական կրթության, Հայաստանի դասագրքերով աշխատող հայկական կրթօջախներում կրթության և դաստիարակության հիմնահարցերը, ինչպես նաև կներկայացվեն նոր, տպագիր և էլեկտրոնային ուսումնական նյութեր:

No comments: