«Լրագիր» 13-8-2010- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է հանգստանալ աղետի ենթարկված Մեքսիկական ծոցում, դրանով թերեւս փորձելով բարոյապես աջակցել ծոցի բնակիչներին, որոնց կենսամակարդակի զգալի մասն ապահովվում է տուրիզմը, ինչը կաթվածահար եղավ ծոցում նավթահորի աղետի հետեւանքով:
ԱՄՆ նախագահի արձակուրդային այդ որոշումն առիթ էր հիշելու, որ ոչ վաղ անցյալում` մի քանի օր առաջ արձակուրդ էր գնացել նաեւ Հայաստանի նախագահը: Բարեբախտաբար Հայաստանի որեւէ հանգստավայրում աղետ չկար, որը Սերժ Սարգսյանին ստիպեր հանգստանալ տվյալ վայրում:
Եվ Հայաստանի նախագահը արձակուրդ մեկնեց արտերկիր: Մեկնեց, վերադարձավ, բայց հասարակությունն այդպես էլ չիմացավ, թե որտեղ հանգստացավ իր նախագահը: Եթե ԱՄՆ նախագահի արձակուրդի վայրի ընտրության պարագայում չլիներ քարոզչական տարրը, միեւնույն է, վստահաբար կարելի է ասել, որ ամերիկյան հասարակությունը տեղյակ կլիներ Օբամայի հանգստի ցանկացած այլ վայրից: Ավելին, որքան հայտնի է, ԱՄՆ նախագահներն իրենց արձակուրդի վայրը ոչ միայն գաղտնի չեն պահում հասարակությունից, այլ նույնիսկ լրագրողներ են իրենց հետ հրավիրում, որոնք լուսաբանում են նախագահի հանգիստը: Ընդհանրապես, դժվար է հիշատակել քաղաքակիրթ աշխարհի որեւէ պետություն, որտեղ նախագահը մեկնում է հանգստի, եւ այդ հանգստի վայրը հասարակության համար մնում է անհայտ:
Նախագահը ապրում է հասարակության վճարած հարկերի հաշվին, ինչպես ցանկացած պետական պաշտոնյա: Հետեւաբար հասարակությունն իրավունք ունի տեղեկանալու, թե իր հարկերի հաշվին ապրող պաշտոնյան որտեղ է հանգստանում, հանգստանում է միայն իր հարկերի, թե այլ գումարի հաշվին: Եթե այլ փողի, ապա որտեղից այդ այլ փողը: Միգուցե հենց դրա համար է Հայաստանի նախագահի հանգստավայրը թաքցվում հասարակությունից, քանի որ հասարակությունը կարող է տեսնել, որ հանգստավայրն ամենեւին չի համապատասխանում այն աշխատավարձին, որ հասարակությունից ստանում է նախագահը:
Իսկ գուցե կա որեւէ այլ բացատրություն: Ասենք, նախագահի հանգիստը գաղտնի է պահվում անվտանգության նկատառումներից ելնելով: Ով գիտի: Համենայն դեպս պաշտոնական որեւէ աղբյուր չի բացատրում, թե ինչու հանրությանը չի տեղեկացվում, թե կոնկրետ որտեղ է հանգստանում Հայաստանի նախագահը: Եվ ոչ միայն նախագահը: Օրինակ, օրերս հանգստի էր մեկնել նաեւ վարչապետը, նաեւ բուժման նպատակով, ու կարծես թե կրկին անհայտ է, թե ուր է նա մեկնել:
Հնարավոր է նաեւ, որ Հայաստանի պաշտոնյաներն այնքան համեստ, այն աստիճանի ցածրակարգ հանգստի են մեկնում, որ ամաչում են այդ մասին ասել իրենց քաղաքացիներին: Գուցե նրանք հանգստանում են ոչ թե արտասահմանում, այլ Հայաստանում, Խորհրդային Միության տարիներին կառուցված եւ այժմ լքված որեւէ պանսիոնատում, ուր իրենց համար ժամանակավորապես կարգի է բերվել մի փոքր տարածք: Դե, իսկ այդ ամենն էլ թաքցնում են հասարակությունից, որ մարդիկ նախագահին կամ այլ պաշտոնյաների չմեղադրեն պետականության խորհրդանիշին ոչ վայել հանգստի եւ այդպիսով պետության արժանապատվության հետ խաղալու համար: Կրկին` ով գիտի:
Որեւէ բան իմանալու համար պետք է պաշտոնական բացատրություն, պաշտոնական տեղեկատվություն, այլապես ինչ ասես կարելի է ենթադրել:
Saturday, August 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment