Wednesday, August 18, 2010

PKK-ի հաքերները փորձել են հատուկ ծրագրերի միջոցով թուրքական անօդաչու ինքնաթիռներ գցել

News.am. 18-8-2010- Թուրքական դատախազությունն ավարտել է հետաքննությունը այս տարվա մարտին ձերբակալված PKK-ի 20 հաքերների նկատմամբ։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի հատուկ իրավասություններով հանրապետական դատախազը ներկայացրել է 324 էջանոց մեղադրական զեկույց, որի մեջ նշվում է, որ PKK-ի հաքերների խումբը կոտրել է պետական պաշտոնյաների, զինվորականների օգտագործման 3 հազար 800 Facebook-ի էջ, շուրջ 2 հազար ոստիկանի, զինվորականի եւ թուրք ազգայնականնների պատկանող էլ-փոստեր, ինչպես նաեւ բազմաթիվ հասարակական կայքէջեր։ Մեղադրականում նշվում է, թե իրենց «Վիրտուալ պարտիզան» անվանող խումբը գործել է PKK-ի պարագլուխների հրամանների ներքո։ Մեղադրականում աչքի է ընկնում այն հատվածը, որում նշվում է, թե PKK-ի հաքերները լուրջ նախապատրաստություն են տեսել վայր գցելու քուրդ զինյալների գլխին փորձանք դարձած անօդաչու հետախուզական ինքնաթիռները։ Ըստ այդմ, քուրդ զինյալները նշել են, թե անօդաչու «Հերոն» ինքնաթիռներ խփելը 100 թուրք զինվոր սպանելուց ավելի կարեւոր է: Ըստ զեկույցի, քուրդ զինյալները հատուկ համակարգչային ծրագրերով փորձել են Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Բաթմանի տեղական հեռուստատեսության արբանյակային հաղորդիչի միջոցով միանալ անօդաչու ինքաթիռի հաճախականությանը եւ վայր գցել դրանք։ Սակայն քուրդ հաքերները կարճ ժամանակամիջոցում չեն կարողացել ապահովել անհրաժեշտ տեխնիկական միջոցները։ 20 հաքերները մեղադրվում են «զինված ահաբեկչական կազմակերպության անունից հանցանք գործելու», «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» եւ «ինֆորմացիոն համակարգում տվյալներ վերացնելու, կայքէջեր արգելափակելու» հոդվածներով։

No comments: