Tuesday, August 17, 2010

ԱՆԿԱՐԱՆ ՈՒ ԲԱՔՈՒՆ «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ

Գյուլը մինչեւ Բաքու հասնելը խոսում է ԼՂ խաղաղ կարգավորումից «ԱԶԳ, 17-08-2010- Թուրք-ադրբեջանական հարաբերություններն ավելի հաճախ հայտարարվում են եղբայրական, իսկ գործնականում լինում են ինչպես այդպիսին, այնպես էլ «խութերով»: Ամեն դեպքում, պաշտոնական մակարդակում հանդիպումների առումով եղբայրությունն ու նման այլ կատեգորիաները դրսեւորվում են երկու երկրների միջեւ ստորագրվող փաստաթղթային ընդարձակ դաշտին ավելացվող նոր ստորագրություններով: Ինչպես տեղեկացնում է «Ազերթաջ» գործակալությունը, երեկ Բաքու այցելած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ վերջինիս նստավայրում ստորագրեց «ռազմավարական փոխադարձ օգնության» համաձայնագիր: Մինչ կմեկներ Բաքու, դեռեւս Թուրքիայումՙ օդանավակայանում, Գյուլը խոսել է ղարաբաղյան խնդրից ու հայտարարել բավականին կրկնված ու ըստ էության անօգուտ այն պնդումը, թե այդ հարցը պետք է լուծվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Դեռ լավ է, որ Թուրքիան, գոնե ի լուր աշխարհի եւ հանուն բարեկրթության, հայտարարում է, որ հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով: Ինչեւէ, մինչեւ այցելությունը հայտնի էր, որ Գյուլը Բաքվում ամենից առաջ պատրաստվում է քննարկել էներգետիկ համագործակցության հարցեր, որոնց առնչությամբ էլ երկու երկրները կստորագրեն համաձայնագիր: Գյուլի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերի առանձնազրույցից բացի այցելության օրակարգում նախատեսված է նաեւ ավելի լայն կազմով քննարկում, որին թուրքական կողմից, մասնավորապես, մասնակցելու են Ադրբեջան այցելության ընթացքում Թուրքիայի նախագահին ուղեկցող արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, որոշ պատգամավորներ, այլ պաշտոնյաներ: Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ էլ թուրք-ադրբեջանական ներկայացուցիչները պատրաստվում են քննարկել հայ-ադրբեջանական, հայ-թուրքական եւ ղարաբաղյան հարցերը: Հասկանալի է, որ սրանք հանդիպման միակ թեման չեն, առավել ընդգրկուն քննարկում է նախատեսված Բաքու- Թբիլիսի- Ջեյհան նավթամուղի եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի նախագծերին առնչվող հարցերի կապակցությամբ: Ինչ վերաբերում է Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգծին, ապա այս առնչությամբ էլ օդանավակայանում արված հայտարարություններում Գյուլը կարեւորել է նախագիծը եւ եւս մեկ անգամ հավաստիացրել, որ 2007-ին մեկնարկած այս շինարարությունը նախատեսվում է ավարտել արդեն 2012-ին: Հայ-ադրբեջանական թեմատիկայի շրջանակներում Թուրքիայի աճող հավակնությունըՙ ակտիվորեն ներգրավվելու ղարաբաղյան գործընթացում, հերթական դրսեւորումն է ունեցել նաեւ մինչ Բաքու այցելությունը ադրբեջանական «Ազերիպրես» գործակալությանը Գյուլի տված հարցազրույցում, որտեղ կրկին քննադատություն է հնչել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության գործունեության առնչությամբ` համանախագահների տարածաշրջանային այցելություններն անօգուտ որակելով: Թուրքիայի նախագահի պաշտոնական այցելությունը նաեւ հետաքրքրական է այն առումով, որ դրան կհետեւի Ռուսաստանի նախագահի այցը Ադրբեջան արդեն սեպտեմբերի սկզբներին: Հասկանալի է, որ հայ-ադրբեջանական իրավիճակն ու ղարաբաղյան հարցում բանակցային գործընթացը, որում հատկապես վերջին շրջանում ամենայն ակտիվությամբ նախաձեռնություններ է իրականացնում Ռուսաստանը, հաստատապես լինելու է Ադրբեջանի նախագահի հետ Մեդվեդեւի հանդիպման օրակարգային հարցերի շարքում:

No comments: