Tuesday, August 17, 2010

Շարմազանով. «Գրեթե անհնարին եմ համարում, որ ՌԴ-ն կարող էր Ադրբեջանին հանձնել այդ զենքը»

Panorama.am. 17-8-2010- «Առավոտի» հարցին` «ինչպե՞ս եք գնահատում C-300 հակաօդային պաշտպանության համակարգերը Ադրբեջանին հանձնելու մտադրությունը», ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Ես նման տեղեկություններ չունեմ և, կարծում եմ` սա լավ կազմակերպված կեղծիք է, և գրեթե անհնարին եմ համարում, որ ՌԴ-ն կարող էր Ադրբեջանին հանձնել այդ զենքը, մանավանդ` չկա ոչ մի պաշտոնական տեղեկատվություն»: Խոսելով ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանների վերաբերյալ համաձայնագրից ու դրա շուրջ եղած քննադատությունից` Է. Շարմազանովն ասել է. «Ինձ համար պարզապես զարմանալի է այդ «քննադատությունը», որովհետև այն հիմնավորված չէ: Ես հասկանում եմ, որ որոշ քաղաքական այրերի քունը փախել է, քանի որ նախագահ Սարգսյանի կողմից իրականացվում է հավասարակշռված քաղաքականություն, դա իրենց խնդիրն է, սակայն ինձ ավելի շատ զարմացնում է նախկին իշխանությունների ներկայացուցիչների պահվածքը: Մի՞թե այդքան մոռացկոտ են և արդեն չեն հիշում, որ հենց իրենց իշխանության ժամանակահատվածում են կնքվել ռուսական ռազմաբազաների տեղակայման փաստաթղթերը: Հիմա այդ մարդիկ խոսում են մի բանի դեմ, որն առաջինն իրենք են կատարել: Չեմ կարծում, որ այս պահվածքն ազնիվ է»:

No comments: