Tert.am. 13-8-2010- Օգոստոսի 5-ին ԱՄՆ Սենատի լիագումար նիստում այդպես էլ քվեարկության չդրվեց Անկարայում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկարդոնեի նշանակման հարցը: Ռիկարդոնեի թեկնածության քվեարկությունն առկախվել է սենատոր Սեմ Բրաունբեքի ջանքերով:
Թեմային անդրադարձել է նաև ամերիկյան Foreign Policy հեղինակավոր ամսագիրը: Պարբերականի` «Հանրապետականները մերժում են Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Օբամայի առաջադրած թեկնածուին» խորագրով հոդվածում նշվում է, որ սենատոր Բրաունբեքը պատրաստվում է նամակ գրել Միացյալ Նահագների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին և հիմնավորել Ռիկարդոնեի նշանակման հետ կապված իր դժգոհությունները:
«Նամակի բովանդակության մասին ոչինչ չհաջողվեց իմանալ Բրաունբեքի գրասենյակից, սակայն հայտնի է, որ հանրապետականների շրջանում սենատոր Բրաունբեքը մեծ հեղինակություն է վայելում»,- գրում է պարբերականը` ավելացնելով. «Հանրապետական սենատորներն առաջիկայում ամենևին էլ նպատակ չունեն համաձայնություն տալ Ռիկարդոնեի նշանակմանը, իսկ Բարաք Օբամայի վարչակազմն այդ հարցում չի կարողանալու համոզել Ռիկարդոնեին քննադատողներին»:
Foreign Policy-ի հետ հարցազրույցում բարձրաստիճան մի հանրապետական, որի անունը չի նշվում, հայտարարել է, որ «Առկա զգայուն ժամանակաշրջանում Ռիկարդոնեի թեկնածության առաջադրումը սխալ է, և վարչակազմը պետք է հասկանա, որ այս տարի Ռիկարդոնեի թեկնածությունը չի հաստատվելու, և հուսով ենք, որ Թուրքիայում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնի համար կառաջադրվի մեկ այլ թեկնածու»:
Ամերիկյան պարբերականը նշում է, որ Ռիկարդոնեի թեկնածությանը դեմ հանդես եկող սենատորները նրան մեղադրում են այն բանի համար, որ նա «չափից շատ մոտ հարաբերություններ է հաստատել այն երկրների իշխանությունների հետ, որտեղ նա ժամանակին աշխատել է, ինչպես նաև ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում բացարձակապես անտարբերություն ցուցաբերելու համար»:
Իր հերթին թուրքական Milliyet օրաթերթը, գրում է, որ Սեմ Բրաունբեքն այն 32 սենատորներից մեկն է, ովքեր 2005թ. ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշին կոչ էին արել ապրիլքսանչորսյան ուղերձում 1915թ. իրադարձությունները բնորոշելու համար գործածել Ցեղասպանություն եզրույթը:
Saturday, August 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment