«Լրագիր» 13-8-2010- Չինաստանի առաջնորդ Մաոն մի անգամ ասել է. “Այս կամուրջը կապում է գետի ափը մյուս ափին՚: Կոմունիստական Չինաստանում դա թեւավոր միտք էր:
Իսկ ինչո՞վ է Մաոյից պակաս Իլհամ Ալիեւը: Մաոն ձերբակալու՞մ էր քաղաքական մրցակիցներին, հետապնդու՞մ էր այլախոհությունը, մշտապես սպառնալիքնե՞ր էր հնչեցնում հարեւան երկրների հասցեին: Նույնն անում է նաեւ Իլհամ Ալիեւը: Նա մի հարվածով կառավարության անդամների կեսին պետական դավաճան է հռչակել եւ բանտ նետել, լրագրողներ է ձերբակելել, նրա խղճին է ծանրացած ՙՄոնիտոր՚-ի խմբագիր Էլմար Հուսեյնովի սպանությունը: Իսկ սպառնալիքների հարցում Իլհամ Ալիեւին նույնիսկ Հիտլերը կնախանձեր, եթե հրաշքով կենդանանար:
Եւ ահա, Ադրբեջանի ցմահ նախագահը որոշել է աշխարհի հզորների շարքում տեղ գտնել նաեւ սեփական ասույթներով: Եւ հայտնագործել է, որ ՙադրբեջանական պետությունը ուժեղ պետություն է՚:
Իհարկե, ՙուժեղ է՚: Հակառակ դեպքում ինչպե՞ս էր հնարավոր լինելու ինը միլիոնանոց ժողովրդին կատարյալ ինֆանտիլ դարձնել եւ համոզել, որ եթե Հեյդար Ալիեւը չվերադառնար իշխանության, ապա ՙԱդրբեջանը կկործանվեր՚:
Չէր ստացվի յուրացնել երկրի նավթի եւ գազի անսահմանափակ վաճառքից ստացվող գումարները, դրանք պահել արտասահմանյան բանկերում, մանկահասակ ՙթագաժառանգի՚ անունով աշխարհի տարբեր երկրներում դղյակներ գնել, իսկ այդ հարստությունների օրինական տիրոջը` ադրբաջանական ժողովրդին կերակրել ՙՀեյդար Ալիեւի հիմնադրամի՚ միջոցներով կառուցվելիք դպրոցների, ճանապարհների եւ մարզամշակութային կենտրոնների հույսով:
Իհարկե, ՙադրբեջանական պետությունը ուժեղ պետություն է՚: Այնքան է ուժեղ, որ պետական գանձարանի, այսինքն` լուռումունջ հպատակներից ստացած գումարների հաշվին ամեն երեք գյուղի համար իշխող կլանի վերակացուի հաստիք է պահում եւ անունը դնում ՙգործադիր իշխանության ներկայացուցիչ՚: Այն գործադիր իշխանության, որը, ըստ ալիեւյան սահմանադրության, ՙպատկանում է նախագահին՚: Այսինքն` ՙազգի փրկիչ ալիեւներին՚:
Խոսք չկա, գործ ունենք իրոք ՙուժեղ պետության՚ հետ եւ իշխանության, որ նույնիսկ սեփական ստվերից է սարսափում: Ուր մնաց` հավանական մրցակիցներից, որոնց անխնա ոչնչացրել եւ ոչնչացնում է նաեւ այսօր:
Ավստրիայում ապրող Մահիր Ջավադովը սոցիալական ցանցերում պատմում է իր դեմ ալիեւների ձեռնարկած հալածանքների, բռնությունների եւ կազմակերպած մահափորձերի մասին: Նա եղբայրն է Բաքվի կենտրոնում դավադրաբար սպանված Ռովշան Ջավադովի: Իսկ վերջինս ներքին գործերի փոխնախարարն էր, ոստիկանության հատուկ ջոկատների հրամանատարը եւ … ազգային հերոս:
Ադրբեջանն ՙուժեղ պետություն է՚, քանի որ անվտանգության մարմինների նախկին պետին մեղադրում է այն բանի համար, որ ՙիր ծառայակցի` ազգությամբ հայուհի կնոջ համար կեղծ անձնագիր է ձեւակերպել` նրա անունը, ազգանունը եւ հայրանունը փոխարինելով ադրբեջանականի՚: Եւ այդ մեղադրանքի պատճառով Վագիֆ Հուսեյնովը մեկուկես տասնամյակ է, ինչ ապրում է Մոսկվայում:
Արժե՞ շարունակել: Թերեւս` միայն մի բան էլ ավելացնելու համար. օրերս ոստիկանությունը դաժանորեն ցրել, ծեծի եւ վարչական կալանքի է ենթարկել Սաբիրաբադի շրջանի Շիխլար գյուղի երկու հարյուր բնակիչների, հիմնականում` կանանց: Կուր գետի գարնանային հեղեղումների հետեւանքով այդ մարդիկ զրկվել են ունեցվածքից, տունուտեղից եւ մինչ այժմ չեն ստացել իշխանությունների խոստացած փոխհատուցումը: Ի՞նչ եք կարծում, որքա՞ն է փոխհատուցման գումարը: Ընդամենը 600 - 1000 մանաթ` յուրաքանչյուր ընտանիքի: Դա էլ, ըստ ցուցարարների, ստանում են ՙգործադիր իշխանության ներկայացուցչի՚ հարազատները, ծանոթները եւ մտերիմները:
Համեմատության համար նշենք, որ Բաքվում 1 քառակուսի մետր բնակմակերսի նվազագույն գինն ավելին է, քան սաբիրաբադցի մեկ ընտանիքին ՙուժեղ պետության ուժեղ նախագահի տված փախհատուցման ողջ գումարը՚:
Անշուշտ, ՙուժեղ է՚ այն պետությունը, որի նախագահն անձնական բարեկեցություն է ստեղծում հպատակների դժբախտության հաշվին:
Վ. Ա.
Saturday, August 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment