Wednesday, August 18, 2010

Հայաստանը Ռուսաստանին հարցեր ունի տալու

Aysor.am. 18-8-2010- Ակնհայտ է, որ այսօր կա երկու վտանգ. առաջինը` Հայաստանի դեմ լայնամասշտաբ ինֆորմացիոն պատերազմն է և երկրորդը` ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերը: Սա շոշափելի բան է և Հայաստանին կարող է ծանր հետևանքների առաջ կանգնեցնել: Այս մասին հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Ռուսաստանը թեև հզոր և անկախ երկիր է, սակայն որոշ հարցերում պետք է հաշվի առնի ՀԱՊԿ անդամ երկրների կարծիքը։ Մենք ՀԱՊԿ անդամներ ենք, իսկ պայմանագրի համաձայն՝ բոլոր 7 անդամ պետություններն իրենց ռազմական և ռազմաքաղաքական քայլերը պետք է քննարկեն համատեղ։ ՆԱՏՕ-ն ուժեղ է նրանով, որ անդամ պետությունները ռազմական հարցերում անկախ չեն գործում»,- ասաց Ս. Գրիգորյանը: «2008-ին Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են լուրջ պայմանագիր։ Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ, պետք է հարցնի Ռուսաստանին՝ ինչո՞վ ենք մենք տարբերվում Ադրբեջանից»,- անդրադառնալով Ռուսաստանի կողմից C-300-ի վաճառքին Ադրբեջանին` նշեց Գրիգորյանը և հավելեց, որ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահող երկիր է, հետևաբար կամավոր սկզբունքով որդեգրել է տարածաշրջանի երկրները չզինելու պարտավորությունը։ Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ըստ Գրիգորյանի, հայկական կողմը «վերջապես պետք է բարձրացնի որոշ հարցեր. օրինակ` արդյո՞ք Ռուսաստանը պատրաստվում է վաճառել C-300-ը Ադրբեջանին»:

No comments: