Saturday, August 14, 2010

Հասել ենք անձայն, բայց վճռորոշ դիվանագիտության. Աբդուլլահ Գյուլ

Tert.am. 13-8-2010- Կովկասում գոյություն ունեցող ստատուս-քվոն օգուտ չի տա ոչ Ադրբեջանին, որ Թուրքիային, ոչ Հայաստանին։ Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ հավելելով, որ աշխարհն արագ փոխվում է, և պետք է լուծել խնդիրը։ «Եթե շարունակ խնդիրները մնան սառնարանում, հետո անսպասելի դրանք նորից ի հայտ կգան։ Որն է պետական գործիչների աշխատանքի իմաստը՝ խնդիրը լուծելը։ ՄԱԿ-ի բանաձևերը իրականություն են։ Մինսկի խումբը լուրջ քայլեր է ձեռնարկում, բայց անցել է 18 տարի, և ցավոք, Մինսկի խումբը չկարողացավ հասնել կոնկրետ արդյունքների»,- ասել է նա։ «Թուրքիան առաջին պետությունն է, որ ճանաչել է Ադրբեջանի անկախությունը։ Հետո ճանաչեցինք նաև Հայաստանը։ Նոր աշխարհի համակարգում պետք է հարգվի յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականությունը։ Հայաստանը կարող է հարևանների հետ կառուցել լավ հարաբերություններ, հասնել մինչև ծով և մտնել կոմունիկացիոն համակարգեր։ Բնականաբար, Թուրքիան մեծ պետություն է։ Այն պարագայում, երբ մենք փորձում ենք հարևան երկրների հետ հարաբերությունները հասցնել «զրո խնդիր» մակարդակի, Հայաստանի հետ խնդիրների առկայությունը, անկեղծ ասած, լավ նշան չէ։ Այդ պատճառով էլ խնդիրների արդար լուծումը տարածաշրջանում բոլորի համար օգտակար կլինի»։ Մենք ցանկանում ենք, որ Մինսկի խումբը մոտենա հակամարտության լուծմանը։ Բայց այսօրվա իրավիճակում Մինսկի խմբի ներկայացուցիչների այցելությունները տարածաշրջան ժողովուրդն անվանում է «զբոսաշրջային ուղևորություն»։ Այդ պատճառով պետք է նոր քայլեր ձեռնարկվեն։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանն այս խնդրի լուծման հարցում կարևոր երկիր է, այդ պատճառով լայն խորհրդակցություններ են անցկացվել այդ երկրի հետ։ «Նման ծանր խնդիրները չեն կարող լուծվել ճնշմամբ կամ մեկ երկրի ցանկությամբ։ Այդ խնդիրները կարող են իրենց լուծումը գտնել տարածաշրջանի պետություների և շահագրգիռ երկրների լուրջ ջանքերի արդյունքում»,- ասել է նա։ «Քարերը տեղից շարժվել են, և դա շատ կարևոր է։ Բայց չի հաջողվել հաղթահարել մեծ տարածություն։ Այդ գործընթացում թյուրընբռնում կար և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում։ Եթե հնարավոր լիներ հեշտությամբ լուծել դժվար հարցերը, դրանք չէին դառնա այդքան քրոնիկ։ Ես դա բոլոր առաջնորդներին եմ ասում. ձեռքերը ծալած չնստենք և կանգ չառնելով ջանքեր գործադրենք խնդրի լուծման համար։ Լուծումը և խաղաղությունը հեշտ չեն լինում։ Այդ պատճառով պետք է եռանդով աշխատել»,- ասել է Գյուլը՝ հավելելով, որ Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում ինքը Իլհամ Ալիևի հետ քննարկելու է այս հարցերը։ Ըստ Գյուլի՝ Հայաստանի հետ Ռուսաստանի ռազմական հարաբերությունների զարգացումը և Ադրբեջանին Ռուսաստանի կողմից հրթիռային համակարգերի հնարավոր վաճառքը չեն խանգարի ղարաբաղյան հարցի լուծմանը։ «Գիտեմ, որ պարոնայք Մեդվեդևը, Պուտինը, Ալիևը, Սարգսյանը հավատում են, որ ստատուս-քվոն երկար չի ձգվի։ Նրանք նույնպես ցանկանում են, որ լուծվի խնդիրը։ «Սառը պատերազմի» ժամանակ խոսքը մեծ տերությունների նպատակների համար որևէ հակամարտության շահավետության մասին էր։ Այժմ վիճակը փոքր-ինչ այլ է...Եթե հարցերը չլուծվեն, կարող են անվերահսկելի խնդիրներ առաջանալ։ Այդ պատճառով անհրաժեշտ է համառորեն ձեռնամուխ լինել այդ հարցի լուծմանը։ Այս ոլորտում «լուռ դիվանագիտության» անհրաժեշտություն կա։ Որովհետև երբ անցյալ տարի քարերը տեղից շարժվեցին, մեծ աղմուկ բարձրացավ։ Հարցի թյուր գնահատականը խնդիրներ ստեղծեց և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի համար։ Այժմ մենք հասել ենք անձայն, բայց վճռորոշ դիվանագիտության։ Հուսով եմ, որ մեզ լավ գործընթացներ են սպասում»։

No comments: