Saturday, August 14, 2010

Հայկական եկեղեցում վանդալիզմի ակտ գործած հրեան թմրամոլ է

News.am. 13-8-2010- Գլենդեյլի 23-ամյա բնակիչ Վիկտոր Պետրեսկուն իրեն մեղավոր չի ճանաչում վանդալիզմի մեջ, հաղորդում է Glendale News Press թերթը: Լոս-Անջելեսի շրջանային դատարանում Պետրեսկուի դեմ մեղադրանք է առաջադրվել Գլենդեյլի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցում վանդալիզմի ակտ իրագործելու համար: Նրա հասցրած վնասը գնահատվում է 50 հազար դոլար, եկեղեցու հոգեւորականները վնասը գնահատել էին 80 հազար: Գլենդեյլի ոստիկանությունը մեղադրանքը ներկայացրել է դատարան որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն, սակայն Լոս-Անջելեսի փաստաբանների շրջանային գրասենյակի խոսնակ Շիարա Դավիլա-Մորալեսը պնդել է, որ մեղադրանքը փոխարինվի «վանդալիզմով»: Սերժանտ Թոմ Լորենզը դատարանում հայտնել է, թե ձերբակալված Վիկտոր Պետրեսկուն դատարանում պնդել է, թե լինելով հրեա, Աստվածաշնչում կարդացել է կուռքերը ոչնչացնելու անհրաժեշտության մասին: Սակայն օգոստոսի 11-ին նա փոխել է իր նախնական ցուցմունքները եւ ազդարարել, թե քրիստոնյա է: Թոմ Լորենզը նշել է, որ նա ժամանակին հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում` թմրանյութեր օգտագործելու համար: Հայկական եկեղեցու ներկայացուցիչները, իրենց հերթին, հայտնել են, որ բարձր են գնահատում ոստիկանների աշխատանքը, սակայն կան բազում փաստեր, որոնք մանրամասն քննության կարիք ունեն: Հայ համայնքի ներկայացուցիչ Գարո Ղազարյանը կոչ է արել դատարանին գործը քննել ատելության հողի հիմքով: Նա հայտնել է, որ հայ համայնքը շոկի մեջ է, քանի որ հանցագործությունը կատարվել է հայ ժողովրդի սրբավայրերի եւ արժեքների դեմ: Բարբարոսի ջարդած խաչքարը եկեղեցում դրվել է 2001թ.: Հազվագյուտ հրաբխային քարերից պատրաստված հուշարձանը նվիրված է Հայաստանում Քրիստոնեության 1700 ամյակին: Նշենք, որ Գլենդեյլի 23-ամյա բնակիչը մուրճով ջարդել է խաչքարի վրայի Սուրբ Մարիամի պատկերը: Պետրեսկուին արագ ձերբակալել են: Հոգեւորականներն ու հավատացյալները փորձել էին կանխել նրան, սակայն նա սպառնացել էր մուրճով եւ շարունակել իր արարքը: Ներկայումս հոգեւորականները մտածում են հուշարձանը վերականգնելու հնարավորության մասին:

No comments: