ԵՎ ԻՆՏԵԳՐՎԵԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
«Լրագիր» 14-8-2010- Ադրբեջանին ռուսական С-300 զենիթային հրթիռային համակարգեր մատակարարելու մտադրությունների կապակցությամբ Հայաստանում բանավեճ է ծավալվել ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ Արեւմուտքին ինտեգրվելու խնդրի շուրջ: Ինչպե՟ս եք գնահատում տվյալ գաղափարները, եւ իրականում որքանով է դա հնարավոր. Այս հարցով դիմեցինք քաղաքագետ Իգոր Մուրադյանին:
- Սա շատ ծավալուն թեմա է, եւ ես մտադիր էի դրա վերաբերյալ հանդես գալ մի շարք հրապարակումներով այս աշնանը: Այդպիսին են իմ պարտավորությունները, եւ այս թեմայի ծավալման համար անհրաժեշտ են որոշ լրացուցիչ տեղեկություններ, որոնք կստացվեն այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք սպասվում են աշնան ընթացքում: Սակայն, երեւում է, ստեղծված իրավիճակն առաջ է ընկել իրադարձություններից, եւ անհրաժեշտ է պատասխանել այս հարցին որոշ սահմանափակ ձեւաչափով:
Բոլոր նորանկախ պետությունները, նաեւ ցանկացած ժամանակակից պետություն, նույնիսկ բավական խոշոր, ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, ձեռք բերել հենման մի քանի «կետ»: Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը փորձում էր ձեւավորել «կոմպլեմենտարիզմի» իդեան, ինչը բացահայտ թշնամական վերաբերմունք ու գրգռվածություն առաջացրեց Ռուսաստանի մոտ: Տվյալ քաղաքական խնդիրը կարելի է ցանկացած ձեւով անվանել, սակայն էությունը մնում է` Հայաստանը չի կարող հույս դնել ոչ միայն իր արտաքին առկա քաղաքականության վրա, այլեւ տարրական ազգային անվտանգության, առանց համաշխարհային ու տարածաշրջանային ուժային զանազան կենտրոնների հետ սերտ համագործակցության: Երկար ժամանակ Հայաստանն ու Իրանը բացահայտ թերագնահատել են քաղաքական ռեսուրսներն ու հնարավորությունները, որոնք կարող էին ձեռք բերել առավել սերտ համագործակցության արդյունքում: Ընդ որում, նրանց միջեւ մինչ այժմ «մեծ պայմանագրի» բացակայության պատասխանատվությունն ընկնում է հենց Իրանի վրա: Թուրքիայի մասնակցությունը ատլանտյան դաշինքին, ամերիկացիների կողմից նրա վերահսկողությունը իրանցիներին չեն բերել այն համոզմունքին, որ վաղուց ժամանակն է տարածաշրջանում ստեղծել նոր դաշինք` անվտանգությունն ապահովելու նպատակով: Որքան էլ տարօրինակ լինի, Թուրքիայի ու Ռուսաստանի փորձերը` միավորել ջանքերը, Իրանին որոշ չափով շարժել են տեղից, իր չափազանց դանդաղաշարժ քաղաքականության մեջ:
Քաղաքականությունը առեղծվածի գոտի է, եւ եթե հակիրճ լինենք, ինձ հնարավոր է թվում բավական տարօրինակ հեռանկար` Իրանի ու ԱՄՆ միջեւ սկզբում որոշ փոխըմբռնում, ապա իրական գործընկերություն, քանի որ այս պետությունների միջեւ զգալիորեն ավելի է փոխադարձ հետաքրքրություն, քան թշնամությունն ու հակասությունները: Ամերիկացի ավելի ու ավելի շատ փորձագետներ, այդ թվում` Իսրայելի բարեկամներից, գալիս են եզրահանգման, որ ԱՄՆ ու Իրանի միջեւ չկա եւ երբեք չեն եղել թշնամության բավարար հիմքեր: ԱՄՆ բավականաչափ համոզվել է նրանում, որ Վրաստանն ու վրաց էթնոսը ի վիճակի չեն իրականացնել գործընկերոջ գործառույթներ, առավել եւս` ռազմավարական գործընկերոջ: Նմանապես, բայց այլ պատճառներով, Ադրբեջանն է:
Տարածաշրջանում միակ պետությունն ու ազգը, որ ի վիճակի է իրականացնել գործընկերոջ գործառույթներ, Հայաստանն է: Առանց Հայաստանի մասնակցության ԱՄՆ փորձերը` Կովկասն ինտեգրելու անվտանգության արեւմտյան համակարգին, անօգուտ են: Վրաստանում ամերիկյան բազաների ստեղծումը, եթե դա տեղի ունենա, կլինի ամենեւին էլ ոչ թե հակառուսական, այլ հակաթուրքական բաստիոն: Պետք է հասկանալ, որ Թուրքիան մոտակա 20-25 տարիներին կդառնա ԱՄՆ, Եվրամիության եւ մերձավոր Արեւելքում, Բալկաններում ու Կովկասում նրանց գործընկերների կողմից զսպման եւ շրջափակման օբյեկտ: ԱՄՆ շահագրգռված կլիներ օգտագործել (ավելի ճիշտ` ստեղծել) ռազմաօդային բազա Արզնիի մոտ, լոկացիոն կայան Արագածի գագաթին, ծովային հետեւակի ստորաբաժանումներ մտցնել այնպիսի տեղերում, ինչպես Ախալցխան, Ախալքալաքը, Հայաստանի կոմունիկացիոն հանգույցներում: Ռուսաստանը կարող էր հաջողությամբ մասնակցել այս ռազմավարությունում, կամ էլ նախընտրել դառնալ թուրքամետ պետություն:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, կարելի է ասել, որ սա հաջող գաղափար էր, Ռուսաստանն արեց ամենը, ինչ կարող էր գործընկերների համար, սակայն ավելիին նա ընդունակ չէ: Հնարավոր է, Ռուսաստանի քաղաքական գործիչները, որոշ ափսոսանքով, սակայն ստիպված են հասկացնել տալ իրենց գործընկերներին, որ հասել է փոխադարձ նվիրվածության սահմանը: Սեփական ազգային անվտանգության խնդիրները լուծելու համար Ռուսաստանը ստիպված է զոհաբերել իր գործընկերներին: Ռուսաստանյան փորձագետները վաղուց են շոշափում հայերի տրամադրությունները, գտնելով, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական համարելը չափազանցություն է: Դրանում միշտ զգացվում էր իմաստ ու ֆունկցիոնալություն, սպասումների հաշվարկով: Այդպես էլ եղավ:
Ցավոք, Հայաստանի համար Արեւմուտքի հետ գործընկերության այլ ձեւաչափ առայժմ անհնար է: Երբ Արեւմուտքի ու Ռուսաստանի առաջատար փորձագետները վստահ պնդում էին, որ Ուկրաինան ու Վրաստանը կմտնեն ՆԱՏՕ, մեր տարածաշրջանի քաղաքագետ-մարգինալները հասկանում ու բազմիցս կրկնում էին, թե դա տեղի չի ունենա, ոչ մոտակա, ոչ էլ հեռավոր ապագայում: Դրա հետ կապված, Հայաստանը բանական է վարվել, առաջ չընկնելով իրադարձություններից, որոնք այդպես էլ տեղի չունեցան: Սակայն, միաժամանակ, այդպես էլ քայլեր չարվեցին` ուղղված Արեւմտյան հանրությանն իրական ինտեգրվելուն:
Պետք չէ դրանից խնդիր սարքել, Ռուսաստանն, ինչպես հայտնի է, բազմաթիվ բացատրություններ է ընդունել Հայաստանի` ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ, կհասկանա նաեւ որոշ այլ բաներ: Համենայնդեպս, Ռուսաստանի փորձը` Հարավային Կովկասում վարել պարիտետային քաղաքականություն, անհետ չի անցնի, եթե նույնիսկ Հայաստանը նախկինի պես մնա լոյալ եւ ինդիֆերենտ այդ իրադարձություններին: Ներկայում խնդիրն արդեն հարաբերությունների մեջ չէ, անհրաժեշտ է թույլ չտալ, որ C-300 համակարգը հայտնվի Ադրբեջանի տարածքում:
Saturday, August 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment