Panorama.am. 13-8-2010- Ադրբեջանում երկար ժամանակ մարդու ներքին օրգանների վաճառքով զբաղվող «Նուր» հիվանդանոցի բժիշկ, աշխարհում «Ֆրանկենշտեյն» մականունով հայտնի թուրքաբնակ վիրաբույժ Յուսիֆ Էրչին Սյոնմեզը և նույն հիվանդանոցի իրավաբան Ինթիգամ Ալիզադեն Բաքվում մամուլի ասուլիս են տվել: Ի.Ալիզադեն հայտարարել է, որ իրենց մասին մամուլի հրապարակումները սուտ են:
«Pia.az» տեղեկատվական կայքը մի շարք սահմռկեցուցիչ տեղեկություններ է հայտնաբերել «Ֆրանկենշտեյն»-ի մասին: Հայտնի է դարձել, որ Յուսիֆ Էրչին Սյոնմեզ անունով անձը մի շարք երկրներում մեղադրվում է օրգանների մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ և գտնվում է համաշխարհային հետախուզման մեջ: Նրան հաջողվել է խուսափել պատժից Թուրքիայում ներքին օրգանների վաճառքով զբաղվելու համար և նա անօրինական փոխպատվաստումների այդ գործը շարունակել է Կոսովոյում: Կոսովոն նրա նկատմամբ Ինտերպոլում կարմիր գծով հետախուզում է հայտարարել: Կայքը տեղեկացնում է, որ «Ֆրանկենշտեյն»-ը 20 հազար դոլարի դիմաց մի 23-ամյա թուրք երիտասարդի երիկամը փոխպատվաստել է Իսրայելի քաղաքացուն: 1999 թ-ին Կոսովոյում 300 սերբ զինվորների առևանգման գործը ՄԱԿ-ի ուժերով հետաքննելուց հետո հայտնի է դարձել, որ այդ գործի հետեւում կանգնած է «Ֆրանկենշտեյն» մականունով Յուսիֆ Սյոնմեզը: Նրան հաջողվել է խուսափել այն մեղադրանքից, որ ինքը սպանելով հանել է սերբ զինվորների ներքին օրգանները և դրանք ուղարկել այլ երկրներ: Կայքը պարզել է, որ 1997-2005 թթ-երի ընթացքում Յուսիֆ Սյոնմեզը նմանատիպ անօրինական գործունեություն է իրականացրել նաև Թուրքիայում, սակայն նրան հաջողվել է խուսափել պատասխանատվությունից: Հայտնի է դարձել, որ Յ.Սյոնմեզը հարյուրավոր էժան ներքին օրգաններ է գնել Ռումինիայի, Բուլղարիայի, Բելոռուսի, Կոսովոյի, Սերբիայի, Մոլդովայի և մի շարք այլ երկրների աղքատ քաղաքացիներից և դրանք թանկ գնով վաճառել ֆրանսիացիներին, իտալացիներին, անգլիացիներին և հրեաներին: «Pia.az»-ի հետազոտություններից պարզվել է, որ մի քանի կղզիների և բանկային խոշոր հաշիվների տեր Յ.Սյոմնեզը օրգանների մաֆիայից ձեռք բերած փողերը սկսել է փոխադրել Իսրայելի բանկեր: Անօրինական գործունեությամբ զբաղվելու համար 1999 թ-ին Թուրքիայում նրան զրկել է վիրաբույժի որակավորումից:
«Այսօր իր հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ փաստերի և ապացույցների առկայության պարագայում Ադրբեջանում բացահայտորեն գործող «Ֆրանկենշտեյն» Յ.Սյոնմեզի գործունեությունը «Նուր» հիվանդանոցում պետք աչալուրջ հետաքննության ենթարկվի: Այդ մարդը դեռ շարունակում է տարիներով իրագործած հանցագործությունների շարանը և, չարաշահելով Ադրբեջանում աղքատ մարդկանց կարիքները, ավելի է ուժեղացնում օրգանների մաֆիայի գործունեությունը», -եզրահանգել է «Pia.az»-ը:
Saturday, August 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment