Monday, August 16, 2010

Անկարան ոչնչացնում է Սևան Նիշանյանի ունեցվածքը

Tert.am. 16-8-2010- Պաշտոնական Անակարան որոշել է հիմնովին քանդել պոլսահայ գրող-լեզվաբան, թուրքական «Թարաֆ» օրաթերթի հոդվածագիր Սևան Նիշանյանին պատկանող անշարժ գույքը: Ստամբուլում հեռարձակվող HayTert կայքի փոխանցմամբ` Իզմիրի նահանգային խորհուրդը, հայտարարելով, թե Նիշանյանն ապօրինաբար վերակառուցել և շահագործման է հանձնել 16 տուն, որոշել է քանդել դրանք: Իսկ Նիշանյանին ապօրինի շինարարության համար ընդհանուր առմամբ սպառնում է 50 տարվա ազատազրկում: Կայքի տեղեկացմամբ` հայազգի լեզվաբանը տարիներ առաջ Իզմիրի Շիրինջե գյուղում իր սեփական միջոցներով վերակառուցել է խարխուլ, ոչնչացման եզրին գտնվող 16 շինություն, որից հետո դրանք սկսել է օգտագործել որպես հյուրանոցներ: Այդ շինությունները Թուրքիայի հյուրանոցային սեկտորում հայտնի են «Նիշանյանի տներ» անվանումով: «Այդ տներն իմ երեխաներն են… Կառուցել չգիտեն, սակայն երբ հարցը վերաբերում է ավերելուն, առյուծներ են»,- հայտարարել է Նիշանյանը` ավելացնելով, որ թուրքական իշխանությունների այդ որոշումը բխում է «դասակարգային ատելությունից»: Նշվում է նաև, որ երկու տարիների ընթացքում 16 շինությունների առնչությամբ Նիշանյանի դեմ բացվել է 16 առանձին դատական գործ։

No comments: