Monday, August 16, 2010

ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ` ԱՇԽԱՐՀԻ ԼԵԶՎՈՎ

«Լրագիր» 16-8-2010- Ծաղկաձորում այս օրերին տեղի է ունենում Համահայկական կրթական չորրորդ համաժողովը, որի նպատակն է Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդել և քննարկել առաջիկա երկու տարվա անելիքները(Սփյուռքի համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերը, հայագիտական առարկաների դասավանդման և դաստիարակության, տարրական կրթության, Հայաստանի դասագրքերով աշխատող հայկական կրթօջախներում կրթության և դաստիարակության հիմնահարցերը): ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը իր զեկույցում նշեց, որ այսօր Սփյուռքում վիճակն այնքան էլ մխիթարական չէ, որովհետև գնում է ուծացման գործընթաց: Մեծ թիվ են կազմում խառն ամուսնությունները, որոնք ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում են մեծ տոկոս կազմում, այլ նաև Լատինական Ամերիկայում. «Վերջապես մենք ունենք խնդիրներ, լեզուն սկսում է կամաց-կամաց նահանջ ապրել: Մեր Սփյուռքը գտնվում է ուծացման վտանգի տակ, և ժամանակն է, որ մենք այս ամենի առաջն առնենք», իր խոսքում նշեց Ստեփան Պետրոսյանը: Այս տարի խորհրդաժողովն ավելի արդյունավետ անցկացնելու համար մասնակիցները բաժանվում են խմբերի` ըստ մասնագիտական պատրաստվածության և աստիճանի: Հայաստան –Սփյուռք գործակցության ինստիտուցիոնալ աշխատաքներից են համարվում համահայկական փառատոնի ստեղծումը և անցկացումը, ինչպես նաև մասնագիտական խորհրդաժողովների անցկացումը, ինչպես նաև ներկայացվում են նոր, տպագիր և էլեկտրոնային ուսումնական նյութեր: Մեզ հետ առանձին զրույցներում Սփյուռքի մասնակիցները գրեթե մեկ ընդհանուր մտահոգություն էին հայտնում` աստիճանաբար Սփյուռքի հայկական համայնքների թուլացման, աշակերտների` հայկական դպրոցներ գրեթե չհաճախելու վերաբերյալ: Պատճառն այն է, որ երեխան, ապրելով տվյալ երկրում, պետք է նախ տվյալ լեզուն շատ լավ տիրապետի, հետո նոր հայերենը: Կիրակնօրյա կամ մեկօրյա դպրոցներ հաճախողներն էլ այնքան շատ չեն: Օրինակ` Աբխազիայի հայկական համայնքում, որտեղ ապրում է շուրջ 50 հազար հայ, հայոց լեզվի պահպանության նկատմամբ մի տեսակ անտարբերություն է ձևավորված: Այնտեղ գործում են պետական 32 միջնակարգ հայկական դպրոցներ` յուրաքանչյուր դասարանում մինչև տասը աշակերտ հազիվ լինեն: Համայնքի ղեկավար Խաչիկ Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամենացավոտ հարցը այն է, որ Աբխազիայիում տեղի է ունենում մանկավարժների ծերացում, նրանք հիմնականում աշխատում են Խորհրդային Միության տարիներից, արդեն թոշակառու են, բայց նրանց փոխարինող չկա: Եթե այս միտումը շարունակվի, համայնքը լուրջ վտանգի առաջ կկանգնի. տարեցտարի կփակվեն հայկական դպրոցները, որոնք, ի դեպ, ֆինանսավորվում են պետության կողմից: Նշանակում է` հետաքրքրությունը կորցրել են սեփական լեզվի նկատմամբ: Մյուս ոչ պակաս կարևոր խնդիրներից է Ջավախքի դպրոցների կարգավիճակը, որտեղ տնօրենների մոտեցումը հարցի վերաբեյալ խիստ հակասական է: Նախարարը խոստացավ առաջիկա օրերին այցելել Ջավախք, մոտիկից ծանոթանալ խնդիրներին: Ամենամեծ խնդիրը այստեղից հայկական գիրքերի տեղափոխության խոչընդոտն է: «Մենք ձեզ հետ միասին պետք է ունենանք մի հասարակություն, որը կարողանում է աշխարհի հետ խոսել աշխարհի լեզվով», իր խոսքը եզրափակեց նախարարը: Իսկ նախարարին ամեն տեսակ հարցեր ուղղում էին, հատկապես մտահոգություն կար հայկական հեռուստաալքների որակի հետ կապված: Արմեն Աշոտյանը առաջարկեց նամակ գրել Ալեքսան Հարությունյանին և խոստացավ անձամբ այն հանձնել նրան: Բացի այդ, այս տարի ԿԳ նախարարության աջակցությամբ երկու կրթական ծրագիր կյանքի կկոչվի: Անդրադարձ եղավ նաև ՀՀ լեզվի մասին օրենքի փոփոխությանը և օտարալեզու դպրոցների բացմանը:

No comments: