«Լրագիր» 5-8-2010- Հայաստանում ռուսական ռազմական բազայի ներկայությունը եւս մի քանի տասնամյակով երկարացնելու մասին տեղեկատվությունը միանշանակ արձագանք չի գտել հայ հասարակության մեջ: Ընդհանրապես, Ռուսաստանը վերջին տասնամյակում Հայաստանում իրենով արեց այն ամենը, ինչ հնարավոր էր: Դա բնական է` Հայաստանը շատ կարեւոր տարածք է Մոսկվայի համար, այն կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար: Եթե Ռուսաստանը կորցնի ազդեցությունը Հայաստանում, ապա դժվար է կանխագուշակել ռուսական պետության հետագա ճակատագիրը:
Բնականաբար, դա չի նշանակում հավասար, ռազմավարական գործընկերություն, ինչն ապացուցվում է թե հայ-ռուսական հարաբերության պատմությամբ, թե ներկայով: Ընդհանրապես, Ռուսաստանը որպես դաշնակից չի ընկալում Հայաստանը եւ բացառում է դա, լիակատար ազդեցության հասնելով երկրի քաղաքական ու տնտեսական համակարգերի վրա: Սակայն Մոսկվայի ամենակարեւոր լծակը մինչ այժմ հայերի գիտակցության մեջ ամուր նստած կարծրատիպն է այն մասին, որ Ռուսաստանն է մեր փրկիչն ու պաշտպանը:
Սակայն, պատմական փորձը ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերության պատմությունը մի հետաքրքիր իրավիճակ է արձանագրել. շահերը չափազանց տարբեր են ու գրեթե իրարամերժ: Նույնիսկ հայ-ռուսական դաշինքի ամենամեծ ջատագովները` Իսրայել Օրիից ու Խաչատուր Աբովյանից սկսած, ի վերջո փորձեր են կատարել Հայաստանը դուրս բերել ռուսական ուղեծրից: Բանն այն է, որ հայերի միջոցով ամրապնդվելով տարածաշրջանում, հետագայում Ռուսական պետությունը սկսել է իր խնդիրները լուծել հայերի հաշվին: Դրա հետեւանքով, ռուս-թուրքական 6 թե 7 պատերազմներից ու հաշտության պայմանագրերից հետո հայերն ի վերջո կորցրին իրենց պատմական հայրենիքը` Արեւմտյան Հայաստանը: Հայերը “մոտ էին դրան” նաեւ պատմական երկրի արեւելյան մասում, երբ ռուսական զորքը Ղարաբաղում սկսել էր հայերի տեղահանումը:
Մի հետաքրքիր օրինաչափություն էլ կա հայ-ռուսական հարաբերություններում` երբ Ռուսաստանը, տարբեր պատճառներով, հեռացել է տարածաշրջանից, եւ հայերը մնացել են իրենք իրենց հույսին, տարել են հաղթանակներ ու պաշտպանել իրենց ապրելու իրավունքը: Նման դրվագներ կան Արեւմտյան Հայաստանում, նման դրվագ էր Սարդարապատը, որից հետո հայերը նույնիսկ հետ բերեցին որոշ տարածքներ եւ վերջապես դրա վառ ապացույցն էր Ղարաբաղի պատերազմը, որտեղ հայերը սկսեցին հաղթանակներ տանել միայն այն բանից հետո, երբ Ղարաբաղից դուրս բերվեց ռուսական զորքը:
Ըստ այդմ, Հայաստանում ռուսական բազայի տեղակայման ժամկետի երկարաձգումը եւ նրան լրացուցիչ` Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու լիազորություններով օժտելը չի կարող անհանգստության տեղիք չտալ թե այն առումով, որ Հայաստանն, ի վերջո, դադարում է անկախ պետություն լինելուց, թե նաեւ հաշվի առնելով պատմական փորձը: Օրինակ, փորձագետները ոչ առանց հիմքի նշում են, թե հնարավոր հայ-ադրբեջանական պատերազմում ռուսական բազան կարող է խիստ բացասական դեր խաղալ հայերի թիկունքում:
Իհարկե, բնության մեջ միակողմանի կախվածություն չի լինում: Որքան Հայաստանն է կախված Ռուսաստանից, նույնքան Ռուսաստանն է կախված Հայաստանից: Թերեւս, ազգային վերնախավի խնդիրը պետք է լիներ օգտագործել այս հանգամանքը եւ Ռուսաստանի հետ կառուցել իսկապես գործընկերային, արժանապատիվ, հավասար հարաբերություններ: Սակայն դա բացառելու համար Ռուսաստանն արել է ամեն ինչ. Հայաստանում չկան արեւմտամետ ուժեր, ներքին քաղաքական կյանքի թելերը տանում են Մոսկվա, իշխանությունն ու ընդդիմությունը, տնտեսական ողջ համակարգը, տեղեկատվական-վերլուծաբանական ողջ դաշտը “ռուսական” է, Ռուսաստանում ապրում ու աշխատում է մոտ երկու միլիոն գրեթե պատանդի վիճակում գտնվող հայաստանցի, եւ այլն:
Այլ հարց է, որ այս վիճակը ձեռնտու չէ հենց Ռուսաստանին, որովհետեւ նա այդպիսով կկորցնի Հայաստանը մեկընդմիշտ: Խնդիրը մենք ենք ու մեր հավատը սեփական ուժերի, հնարավորությունների հանդեպ: Իսկ այդպիսիք հայ ժողովուրդն ունի, սակայն, ցավոք, դրսեւորել է միայն էքստրեմալ վիճակներում, դանակը ոսկորին հասած ժամանակ, երբ մեն մենակ է մնացել սեփական անկարողունակ, հոգնած, դրսեւորում սեփական փրկությունը որոնող վերնախավի ու արտաքին մարտահրավերների հանդիման: Սակայն պետք չէ վիճակը կրկին հասցնել դրան:
ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ
Thursday, August 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment