
Tert.am. 5-8-2010- Օգոստոսին Անկարայում կստորագրվի Nabucco գազամուղի կառուցման աջակցության հարցով փոխըմբռնման համաձայնագիր։
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, փաստաթուղթը կստորագրեն Թուրքիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Բուլղարիայի նախարարները։ Ինչ վերաբերում է ֆինանսավորման ու մատակարարման խնդիրներին, ապա դրանք նախատեսվում է լուծել մինչև 2011թ. սկիզբը։
Ներկա պահին Nabucco–ի բաժնետերերը գազի մատակարարման վերաբերյալ բանակցություններ են վարում Ադրբեջանի, Իրաքի, Թուրքմենստանի ու Ղազախստանի հետ։ Բանակցությունների դրական արդյունքի դեպքում՝ Nabucco գազամուղի երկարությունը 3300 կմ–ից կհասնի 4000 կմ-ի, ինչը կհանգեցնի գազամուղի արժեքի 10%–ով ավելացման։
Նշենք, որ Nabucco գազամուղի կառուցման համար, որով կասպիական բնական գազը Թուրքիայով ու Բալկաններով հասնելու է Կենտրոնական Եվրոպա, արդեն ստեղծվել է Nabucco Gas Pipeline İnternational GmbH միավորումը, որում ներկայումս ընդգրկված է նախագծի մասնակից երկրներից մեկական ընկերություն, որոնցից յուրաքանչյուրի մասնաբաժինը Nabucco Gas Pipeline International Ltd–ում կազմում է 16,67%, իսկ նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 7,9 մլրդ եվրո։
Եվրոպա գազամատակարման իրականացումը նախատեսվում է սկսել 2013–ին։
No comments:
Post a Comment