Tert.am. 13-8-2010- Ամերիկյան Washington Times պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածությանը։ Հոդվածի հեղինակը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Ժան Ֆրանսուա Ժույառն է, որը Բրայզայի թեկնածության նպատակահարմարությունը վիճարկում է մամուլի ազատության տեսանկյունից։
Հոդվածագիրը, մասնավորապես, հիշեցնում է, որ 2007թ. «Ազադլիգ» ընդդիմադիր թերթի խմբագիր Գանիմաթ Զահիդը և լրագրող Ագիլ Խալիլը դատարանի առջև էին կանգնել «Ադրբեջանը վճարում է Մեթյու Բրայզայի հարսանիքի ծախսերը» վերնագրով հոդվածի համար։ Հոդվածում խոսվում էր այն մասին, որ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Հայդար Բաբաևն է վճարել Բրայզայի հարսանիքի ծախսերի մի զգալի մասը։ Հարսանիքը տեղի էր ունեցել նույն տարում Ստամբուլում։ Այդ ժամանակ Բրայզան ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն էր։
Նույն տարում Խալիլի դեմ չորս մահափորձ իրականացվեց, իսկ 2008թ. հուլիսին, այլևս ի վիճակի չլինելով դիմակայել մշտական սպառնալիքներին, նա մեկնեց Ֆրանսիա, որտեղ բնակվում է մինչև օրս։ Խալիլը չի կարող վերադառնալ Ադրբեջան, քանի որ վախենում է իր կյանքի համար։
Հոդվածի հեղինակի համոզմամբ, փաստը, որ Բրայզայի անունն առնչվել է թերթի դեմ դատական հայցի հետ, կասկածի տակ է դնում նրա հանդեպ վստահությունը Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունում և նվիրումը մամուլի ազատությանը։
«Ավելին, Բրայզային շատ են քննադատել Լեռնային Ղարաբաղի հարցում իր դիրքորոշման համար, ինչը շատ զգայուն և արգելված թեմա է Ադրբեջանում»,– գրում է հեղինակը։ Լրագրող և խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը շարունակում է մնալ ճաղերի հետևում այդ թեմայով Ադրբեջանի իշխանությունների համար ոչ հաճելի բաներ գրելու համար։ Մեծ հարգանք վայելող լրագրողը, որին միջազգային հանրությունը ճանաչում է որպես քաղբանտարկյալ, այն երկու պարբերականների խմբագիրն էր, որոնք փակվեցին ու մինչև հիմա էլ չեն գործում։ 2007թ. նրան ձերբակալեցին և հաջորդ տարի դատապարտեցին «Ադրբեջանի ժողովրդի արժանապատվությունը վիրավորելու» և «ահաբեկչական սպառնալիքներ» հնչեցնելու համար։ Վերջին մեղադրանքը հարուցվել էր այն հոդվածի պատճառով, որում լրագրողը գրում էր, որ ադրբեջանական զինված ուժերը մեղավոր են Խոջալիում հարյուրավոր խաղաղ բնակիչնեերի մահվան համար։
2008թ. Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրված Իլհամ Ալիևը ուժեղացրեց վերահսկողությունը երկրի ճակատագրի նկատմամբ 2009թ.՝ վերացնելով հետագայում այդ պաշտոնում վերընտրվելու բոլոր սահմանափակումները և փոխեց մամուլի մասին օրենսդրությունը՝ սահմանելով լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումներ։
Քանի դեռ Ալիևը շարունակում է ոտնահարել մամուլի և խոսքի ազատությունը, թեկնածուն, որը լիովին աջակցում է Ադրբեջանի կառավարությանը, կարող է արժեզրկել այդ երկրում ժողովրդավարությունը և մարդու իրավունքների պաշտպանությունն ուժեղացնելու նպատակը, որի մասին հայտարարել է Վաշինգտոնը։
«Եթե Բրայզայի նշանակումը հաստատվի, կնշանակի ԱՄՆ–ի համար կարևորը ոչ թե խոսքի ազատությունն է, այլ իր էներգետիկ ներդրումները»,– եզրափակում է հեղինակը։
Friday, August 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment