Tuesday, June 14, 2011

Թուրքագետ. Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցությունը չհասավ այն նշաձողին, որին ձգտում էր

Panorama.am. 13-6-2011- «2007թ.-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների համեմատ, մեծ առումով, որևէ էական բան չի փոխվել՝ Թուրքիայի 24-րդ գումարման խորհրդարանում ներկայացված կլինեն երեք կուսակցություններ և քրդական շրջանները ներկայացնող անկախ պատգամավորներ»,- անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքին` Panorama.am–ի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
«Ինչպես և սպասվում էր՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երրորդ անգամ անընդմեջ միակուսակցական կառավարություն ձևավորելու հնարավորություն ստացավ»,- նշեց փորձագետը, և հավելեց, որ դա արդեն իսկ կարևոր գործոն է, քանզի չափավոր իսլամական ուղղվածություն ունեցող կուսակցությունը Թուրքիայի պատմության մեջ երրորդ անգամ ձևավորում է միակուսակցական կառավարություն:
Լ. Հովսեփյանն ընդգծեց, որ Էրդողանի համար խիստ կարևոր էր սահմանադրական մեծամասնություն ձևավորելը (367 պատգամավոր): Ինչը, ըստ թուրքագետի, Էրդողանին հնարավորություն կտար առանց որևէ բարդությունների, իր կուսակցության աջակցությամբ իրականացնել սահմանադրական բարեփոխումները:

«Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չհասավ այն նշաձողին որին ձգտում էր»,- ընդգծեց փորձագետը, միևնույն ժամանակ նշելով, որ Արդարություն և զարգացում կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաև վարչապետ Էրդողանը ընտրություններից անմիջապես հետո հայտարարեցին, որ դա իրենց համար արգելք չէ և սահմանադրական բարեփոխումները իրականացնելու համար փորձելու են համաձայնության գալ խորհրդարանական այլ կուսակցությունների հետ:

Խոսելով Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքի և հետընտրական զարգացումների մասին, վերջինս ասաց, որ ընտրություններից առաջ կային որոշ մտավախություններ, որ ընտրությունների օրը տեղի կունենան տարբեր միջադեպեր, բախումներ, սադրանքներ և այլն:

«Օրինակ ընտրությունների ժամանակ հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը բարձրաձայնեց ընտրակեղծիքների, խախտումների մասին, որոնք կատարվել էին իշխող կուսակցության օգտին»,- ասաց թուրքագետը և հավելեց, որ առաջիկայում ևս սպասվում են միմյանց հանդեպ ընտրակեղծիքների վերաբերյալ հնչող տարբեր տեսակի մեղադրանքներ:

Հարցին` արդյո՞ք այս ընտրություններից հետո կարելի է ինչ-որ տեղաշարժ ակնկալել հայ-թուրքական «սառեցված» հարաբերությունների գործընթացում, վերջինս կարծիք հայտնեց, որ ընտրություններից հետո դեռևս դժվար է ասել թե ինչպիսի զարգացումներ կլինեն հայ-թուրքական հարաբերությունների շուրջ, այսուհանդերձ, ըստ նրա, ինչ-որ անակնկալներ թուրքական կողմից չեն բացառվում: Վերջինիս կարծիքով ընտրություններից հետո Թուրքիայի արտաքին քաղաքական ուղեգծի մեջ էական փոփոխություններ չեն լինի և կշարունակվեն ներկա միտումները:Սակայն հավելեց, որ դեռևս կարճաժամկետ կտրվածքով Թուրքիայում թեժ են լինելու հետընտրական զարգացումները, ներքին օրակարգը ծանրաբեռնված է լինելու իշխանական կուսակցության կողմից նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների շուրջ ծավալված քննարկումներով, ինչպես նաև, ըստ նրա, այս ընտրություններից հետո ավելի մեծ գործոն կդառնա «քրդական խնդիրը»:

No comments: