Thursday, September 23, 2010

ԲՐԱՅԶԱՆ ՄՆԱՑ ԱՌԿԱԽՎԱԾ` ԱԼԻԵՎ-ՕԲԱՄԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ

«ԱԶԳ», 23-09-2010- ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեքշաբթի` սեպտեմբերի 21-ին, ըստ Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության, հաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզայի թեկնածությունը` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվելու առնչությամբ:
Բրայզայի թեկնածությանը կողմ է քվեարկել 17 սենատոր, դեմ` 2-ը` Ռոբերտ Մենենդեսը եւ Բարբարա Բոքսերը: Վերջինս նշել էր, որ թեեւ գնահատում է Բրայզայի երկարատեւ դիվանագիտական գործունեությունը, այդուամենայնիվ դեմ է արտահայտվում նրա թեկնածությանը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահը «ցույց չի տվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի աճող ագրեսիային դիմակայելու կարողություն կամ ցանկություն»:
Դիվանագետի թեկնածությանը դեմ արտահայտված երկրորդ սենատորը` Ռոբերտ Մենենդեսը, մինչ այս քվեարկությունն էլ քննադատել է Բրայզային Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սերտ կապեր ունենալու առնչությամբ, քանի որ դա կարող է ազդել որպես ԱՄՆ դեսպան անաչառ լինելու վրա:
Այժմ, ըստ ամերիկյան դիվանագիտական նշանակումների ընթացակարգի, Բրայզայի թեկնածությունը պետք է հաստատվի նաեւ Սենատի կողմից: «Ազգը» նախորդ համարներում տեղեկացրել էր, որ դեռեւս մայիսից առաջադրված Բրայզայի թեկնածությանը ընդդիմանում են հայամետ խմբերը` Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ նրա սերտ հարաբերությունների ու կապերի պատճառով: Օգոստոսի դրությամբ, սենատոր Բարբարա Բոքսերի պահանջով Բրայզայի թեկնածության քվեարկությունը հետաձգվել էր մինչեւ սեպտեմբերի կեսերը, երբ Սենատը վերադառնում է իր աշխատանքին:
Դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահի հաստատմանը դեմ է արտահայտվում հատկապես Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, որի կարծիքով` «Բրայզան այն մարդը չէ, որ կարող է ճշտորեն ներկայացնել ամերիկյան արժեքները Բաքվում»: Այն ժամանակ հույս էր հայտնվել, թե եթե անգամ սեպտեմբերի 21-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կողմ քվեարկի Բրայզայի թեկնածությանը, կլինեն սենատորներ, որ կշարունակեն արտահայտել Բրայզայի նշանակման առնչությամբ մտահոգությունները` նույնիսկ հանդես գալով կասեցման որոշումով:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր է մոտ 15 ամիս: Եվ այդ ժամկետը կարող է երկարաձգվել, քանի որ, Ամերիկայի հայկական համագումարի տեղեկություններով, արդեն իսկ սենատոր Բարբարա Բոքսերը հայտնել է Սենատի քվեարկությանը Բրայզայի թեկնածությանը վետո դնելու մտադրության մասին: Բոքսերի կողմից վետոյի իրավունքի կիրառումը նշանակում է, որ Սենատը լիագումար նիստում չի կարող քննարկել եւ քվեարկել Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Բրայզայի նշանակման հարցը: Նշենք, որ նման իրավիճակ էր ստեղծվել, երբ ԱՄՆ-ում քննարկվում էր Ռիչարդ Հոգլանդին Հայաստանում դեսպան նշանակելու հարցը, որն այդպես էլ իրականություն չդարձավ սենատոր Մենենդեսի վետոյի պատճառով:
Հետաքրքրական է, որ սեպտեմբերի 24-ին սպասվում է Ադրբեջանի եւ ԱՄՆ նախագահների հանդիպում, որի նախօրեին, եթե Բոքսերը կիրառի իր վետոյի իրավունքը, ինչպես արդեն հայտարարել է, ապա Ադրբեջանը էլի մի որոշ ժամանակ ԱՄՆ դեսպան չի ունենա իր երկրում:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: