Wednesday, September 8, 2010

Պատասխանատու է ոչ միայն Սեյրան Օհանյանը, այլ նաև Սերժ Սարգսյանը

7or.am. 8-9-2010- Հելսինկյան քաղաքացիական վեհաժողովի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անհեթեթ է համարում այն մեկնաբանությունները, թե վերջին շրջանում հայոց բանակում հաճախակի արձանագրող ինքնասպանություններում ոչ մի արտառոց բան չկա, թե ինքնասպանությունների դեպքերն ավելացել են նաև, օրինակ, ամերիկյան բանակում և այլն։ «7օր»-ի հետ զրույցում իրավապաշտպանը նախ ընդգծել է, որ վերոնշյալ ինքնասպանություններին հանգեցնող պատճառներն են տարբեր, և հետո՝ այսօր պետությունը զինված ուժերի բնագավառում առկա խնդիրների վերաբերյալ որևէ մեխանիզմ, հայեցակարգ, վերլուծություն, ուսումնասիրություն, մոտեցում չունի։ Նման մոտեցման բացակայությունն էլ հանգեցրել է ինքնասպանությունների և սպանությունների դեպքերի լայն ընդգրկման՝ շարքային զինծառայողներից անցնելով կրտսեր հրամանատարական կազմին։
-Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իհարկե՛, պատասխանատու է, բայց միայն Սեյրան Օհանյա՞նն է պատասխանատու։ Ո՛չ։ Պատասխանատու է նաև գերագույն գլխավոր հրամանատարը,-ասել է Ա. Սաքունցը։-Սեյրան Օհանյանի առջև ի՞նչ խնդիր է դրել քաղաքական իշխանությունը զինված ուժերի բնագավառում։ Ես այդ պահանջը չեմ տեսնում։ Միայն մի պահանջ է դրված՝ համալրել բանակը թվով և ռազմական ծախսերի ստրուկտուրան։
Իրավապաշտպանի խոսքերով՝ բանակային ծառայությունն ավելի արհեստավարժ դարձնելու միջոցներ բացարձակապես չեն ձեռնարկվում։
-Սերժ Սարգսյանը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, պարտավոր է զինված ուժերի առջև՝ մոտեցման, վիճակի, դերակատարման առումով, հստակ պահանջներ դնել,-հավելել է Ա. Սաքունցը։-Ինքն էլ է եղել պաշտպանության նախարար, չէ՞։ Ի՞նչ է արել իր օրոք, բացի մի բանից՝ գեներալիտետը դարձել է բիզնեսմենների խավը։ Հենց ի՛ր օրոք է ծաղկել այդ երևույթը։
Ըստ նրա՝ հրատապ խնդիր է, որ բանակի գեներալն իր ժամանակի մեծ մասը ծախսում է սեփական բիզնեսի կամ ընտանեկան բնույթի անձնական շահերի վրա.
-Եթե գեներալներին կամ նույն Գլխավոր շտաբի պետին՝ Խաչատուրովին, որը խոշարգույն բիզնեսմեններից, հարուստ մարդկանցից մեկն է, անմիջականորեն հովանավորի Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարարն ի՞նչ կարող է անել։ Այսինքն, քաղաքական իշխանության կողմից, իր բնույթից ելնելով, ուղղակի կա օլիգարխիկ շահերի հետ կապված հովանավորություն, որը քայքայում է բանակի միասնականության սկզբունքը։

No comments: