Wednesday, September 8, 2010

«ԳՆԵՆՔ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԸ»

Փառատոն` ուղղված թեթեւ արդյունաբերության զարգացմանը
Սեպտեմբերի 18-19-ին Երեւանի Բուսաբանական այգում կայանալու է «Գնենք հայրենականը» խորագրով փառատոն-ցուցահանդես-վաճառք: Փառատոնի գլխավոր ուղղվածությունը թեթեւ արդյունաբերության ոլորտն է: Հայաստանում թեթեւ արդյունաբերությունը բազմաթիվ խնդիրներ ունի, եւ դրանց հաղթահարումը պահանջում է պետության ու մասնավոր հատվածի համատեղ աշխատանք: Կառավարության ուշադրությունը թեթեւ արդյունաբերության ոլորտի հիմնախնդիրների վրա սեւեռելը փառատոն-ցուցահանդեսի նպատակներից մեկն է: Նմանատիպ փառատոնը անշուշտ կնպաստի հայրենական արտադրողի վարկանիշի բարձրացմանը, նաեւ գործարարների ու հասարակության միջեւ բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը: Այս 2 օրերի ընթացքում հանրությանը հնարավորություն է ընձեռվում` ճանաչելու տեղական արտադրանքը:
Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը եւ Գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտը: Ցուցահանդես-վաճառքին մասնակցելու են շուրջ 2 տասնյակ ընկերություններ ու անհատներ: Չի բացառվում, որ մասնակիցների թիվը կավելանա:
«Համոզված ենք, որ թեթեւ արդյունաբերության ոլորտն ունի պոտենցիալ, եւ մեր թիրախային ներդրումները պետք է ուղղվեն նաեւ այս ոլորտին», երեկ նման համոզմունք հայտնեց Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը : Փառատոնի շրջանակներում, բացի տեղական արտադրանքի ցուցադրությունից, լինելու են նաեւ քննարկումներ:
Փառատոն-ցուցահանդեսն ունի մշակութային բազմազան ծրագիր: Սեպտեմբերի 18-19-ին Բուսաբանական այգում հնչելու են ազգագրական երգ, հումոր, լինելու են պարային կատարումներ ու մանկական խաղերի մրցույթ: «Ունենք նաեւ սոցիալական գործընկերության խնդիր` աջակցելու Բուսաբանական այգու վերականգնման ու վերակառուցման աշխատանքներին», «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց Արսեն Ղազարյանը:
Թեթեւ արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը կառավարության հավանությանն արժանացավ այս տարվա ապրիլին: Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանի խոսքով` նախարարությունը, կարեւորելով թեթեւ արդյունաբերության ոլորտի զարգացումը, դեռ 2009-ին բանակցություններ է վարել միջազգային տարբեր կառույցների հետ Հայաստանում դիզայնի դպրոց հիմնելու նպատակով: «Շատ կարեւոր է, որ թեթեւ արդյունաբերության ընկերություններն ունենան իրենց արտադրանմուշները: Արդեն պայմանավորվածություն ունենք Իտալիայում «Եվրոպայի դիզայնի ինստիտուտի» հետ», տեղեկացրեց Հայկ Միրզոյանը : Ամեն ինչ արվում է, որ այս տարվանից Գյումրիում մեկնարկեն «Եվրոպայի դիզայնի ինստիտուտի» դասընթացները: Անդրադառնալով «Գնենք հայրենականը» փառատոնին` Հայկ Միրզոյանն ընկերություններին կոչ արեց մասնակցելու այս միջոցառմանը:
Փառատոնի շրջանակներում կազմակերպվելու է քննարկում, «Ոլորտի մասնագետներին խնդրել ենք քննարկման ժամանակ ներկայացնել, թե հայկական ինչպիսի՞ բրենդ մենք կարող ենք ձեւավորել եւ ինչպիսի՞ ճաշակ կարող ենք թելադրել ապագայում», տեղեկացրեց Արդյունաբերողների ու գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը :
Բանախոսների փոխանցմամբ` ներկայումս կարեւոր խնդիր է, որ Հայաստանում շատ կազմակերպություններ իրենց հայկական բրենդով հանդես չեն գալիս: Կան ընկերություններ էլ, որոնք կրկնօրինակում են արտասահմանյան բրենդները եւ շարունակում են մնալ ստվերային տնտեսության շրջանակում: Ստեղծված իրավիճակում թեթեւ արդյունաբերության խնդիրների լուծմանն ուղղված յուրաքանչյուր քայլ ողջունելի է, այդ թվում եւ «Գնենք հայրենականը» փառատոնը: Երեւանի քաղաքապետարանը եւ էկոնոմիկայի նախարարությունը եւս աջակցում են այս ծրագրին: Հովանավորներն են «Ապավեն», «Վալեքս գրուպ», «Կոկա-կոլա» ընկերությունները, UNIDO միջազգային կազմակերպությունը եւ այլն:
Արդյունաբերողների եւ գործարարների միությունը զբաղվում է նաեւ հայ բիզնեսի բարոյական վարքագծի կոդեքսի մշակումով: «Այստեղ մենք շատ ենք կարեւորում մեր պատմական փորձն ու անցյալի ժառանգությունը նոր սերնդին փոխանցելը», նշեց միության նախագահը: Նշված սկզբունքով է պայմանավորված, որ Արդյունաբերողների եւ գործարարների միությունը եւ Հայաստանի բանկերի միությունը պատրաստվում են 2011 թիվը հայտարարել Ալեքսանդր Մանթաշյանցի տարի: 2011-ին լրանում է հայ մեծանուն բարերարի մահվան 100-ամյակը, իսկ 2012-ին ` ծննդյան 170-ամյակը: «Կհրպարակվեն Մանթաշյանցին նվիրված գրքեր, ու երեւի թե մեզ հաջողվի կանգնեցնել նրա կիսանդրին», հավելեց Արսեն Ղազարյանը:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

No comments: