Thursday, October 7, 2010

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՃՆՇՎԱԾ ՈՒ ՍԱԴՐԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՐԱԽ

«ԱԶԳ», 07-10-2010- Ընդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովը Ադրբեջանում ռասայական խտրականության, անհանդուրժողականության, հակասեմականության, ռասիզմի դեմ պայքարի նոր զեկույց է նախապատրաստում: Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, հղում անելով հանձնաժողովի հաղորդագրությանը, տեղեկացնում է, որ սեպտեմեբրի 27-ից հոկտեմբերի 1-ը հանձնաժողովի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջան:
Այցելության ընթացքում մոնիտորինգ է անցկացվել անհանդուրժողականության խնդիրների առնչությամբ, գնահատվել է նախորդ զեկույցում Ադրբեջանի իշխանություններին արված առաջարկությունների կատարումը: Որպես այցելության նպատակ է նշվում նոր զեկույցի պատրաստումը: Հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Բաքվում եւ Լենքորանում` համապատասխան նախարարությունների, ՀԿ-ների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, պաշտոնատար անձանց հետ:
2007-ին հանձնաժողովն իր մտահոգությունն էր հայտնել Ադրբեջանում մի շարք լրատվամիջոցների, քաղաքական գործիչների եւ հասարակական կառույցների ներկայացուցիչների կողմից ազգային փոքրամասնությունների, ինչպես նաեւ կրոնական անհանդուրժողականության վերաբերյալ ռասիստական, սադրիչ բնույթի հայտարարությունների ու ելույթների կապակցությամբ:
Նախորդ զեկույցում հանձնաժողովը նաեւ մտահոգություն էր հայտնել Ադրբեջանում տարբեր ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրավապահների, պաշտոնատար անձանց իրականացրած ճնշումների վերաբերյալ, ինչպես նաեւ Ադրբեջանի քաղաքացի չհանդիսացող անձանց իրավական կարգավիճակ տալու ճանապարհին արհեստական բարդությունների ստեղծման պատճառով:

No comments: