Thursday, October 7, 2010

«Ժառանգության» ներկայացմամբ` ԼՂՀ անկախության ճանաչման հարցը արտահերթ կարգով քննարկվեց խորհրդարանում

6 հոկտեմբերի 2010թ., Երեւան: Երեկ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանում արտահերթ կարգով ներկայացրեց ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը:
Իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը մասնավորապես նշեց, որ Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որովհետեւ այն` որպես անկախ պետություն, ունի ինքնիշխան պետականության բոլոր բաղադրիչները։ Նա նաեւ ավելացրեց, որ այս որոշումն ուշացել է, եւ որ այն պետք է ընդունվեր 1992-ին կամ առնվազն 1994-ին` հրադադարի հաստատմանը զուգընթաց, կամ նախորդեր Կոսովոյի անկախության ճանաչմանը, կամ էլ Կոսովոյի հարցով Հաագայի միջազգային դատարանի վճռին։
Ի պաշտպանություն օրինագծի` «Ժառանգություն» խմբակցության անունից ելույթ ունեցան պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը եւ Արմեն Մարտիրոսյանը: Իսկ ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե օրինագիծը դրվի քվեարկության` ապա իրենք ամբողջ կազմով կողմ են քվեարկելու դրան:
«Ժառանգությունը» բազմիցս հանդես է եկել Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ-ն պաշտոնապես ճանաչելու առաջարկով` նշելով, որ դա չի կարող խանգարել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ բանակցային գործընթացին, ինչպես որ դրան չեն խոչընդոտել Ադրբեջանի` այդ գործընթացին հակասող բազմաթիվ նախաձեռնությունները միջազգային տարբեր ատյաններում, ինչպեսեւ պատերազմը վերսկսելու մշտական սպառնալիքները` ի խախտումն գոյություն ունեցող բոլոր պայմանավորվածությունների ու համաձայնագրերի:
Տեղի ունեցած քննարկման ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը ներկայացրեց հանրապետական Շիրակ Թորոսյանը, իսկ ՀՀ կառավարության տեսակետը` ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Բացասական եզրակացությունը նրանք հիմնավորեցին ԼՂՀ ճանաչման հարցի առաջադրման ժամանակավրեպությամբ: Կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները նույն պատճառաբանությամբ հայտարարեցին, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին: Իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կոչ արեց Րաֆֆի Հովհաննիսյանին` օգտվելով օրինագծի հեղինակի իր իրավունքից, չդնել նախագիծը քվեարկության:
Եզրափակիչ ելույթի ավարտին Րաֆֆի Հովհաննիսյանը` նշելով, որ հարցն այլեւս դրված է համազգային սեղանին, տեղեկացրեց, որ օրինագծին համերկրային բնույթ տալու նպատակով այն քվեարկության կդնի հաջորդ քառօրյայում:

No comments: