
Report.am. 21-10-2010- Արդեն 2 տարի է, ինչ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում գործում է Վիրտուալ հայագիտության եւ տեղեկատվության բաժին, որն իրականացնում է ադրբեջանական կեղծարարությունները բացահայտելու եւ դրանց պատասխանելու գործունեություն:
“Արմատ” մամուլի ակումբում Վիրտուալ հայագիտության եւ տեղեկատվության բաժնի վարիչ Մհեր Հովհաննիսյանը նշեց, որ այսօր լուրջ բաց ունենք հայագիտական նյութերի ուսումնասիրության հարցում, եւ իրենց համար թիվ մեկ խնդիրն է հայագիտության տարածումը համացանցում եւ հակահայագիտական նյութերի բացահայտումը, ուսումնասիրումն ու համարժեք պատասխան տալը: Ըստ Մհեր Հովհաննիսյանի, ամենամեծ բացթողումն այն է, որ համացանցում մեր գրականությունը բաց չէ` դրված չէ ազատ ընթերցման: Եվ սա այն դեպքում, երբ ադրբեջանական կայքերը ողողված են իրենց կեղծ ու ստահոդ նյութերով, եւ ցանկացած նյութ, ցանկացած գրականություն հասանելի է բոլորին: Երկրորդ կարեւոր խնդիրը, որն առկա է այս ոլորտում` հայկական քարտեզների հարցն է: Մհեր Հովհաննիսյանը նշեց, որ այսօր համացանցում դեռ ԽՍՀՄ տարիների պատրաստած քարտեզներն են, եւ առկա սխալներներն ուղղելու նպատակով հայագիտական հետազոտությունների ինստիտուտի քարտեզագրության բաժինը պատրաստվում է նոր քարտեզներ պատրաստել, որոնց անգլերեն եւ ռուսերեն տարբերակները եւս կլինեն: Հաջորդ հարցը վերաբերում է պատմական փաստաթղթերին, որոնք եւս կտեղադրվեն կայքում: Խոսելով ադրբեջանական կեղծարարությունների մասին Մհեր Հովհաննիսյանը նշեց, որ դեկտեմբերին պատրաստում են հրատարակել մի գրքույկ, ուր նշվելու են ամենակտիվ հակահայագիտական ուղղվածություն ունեցող շուրջ 48 ադրբեջանական կայքերի անուններ: Դա, ըստ Մհեր Հովհաննիսյանի, կարող է օգնել մեր մասնագետներին թշնամու եւ նրա հակահայկական քայլերին ավելի արագ տեղեկանալու գործում: Ադրբեջանական կայքերում առկա հակահայկական նյութերի ահռելի մեծ քանակը խոսում է այն մասին, որ դա պետական մակարդակով է իրականացվում: Իսկ նման “ակադեմիական” նյութերի հեղինակները ոչ միայն ադրբեջանցիներն են, այլ նաեւ վարձու այլազգի գրողներ, ովքեր բավականին հայտնի են, իսկ նրանց գրածն էլ ավելի մեծ ազդեցություն է թողնում: Հասկանալով, որ այսօր “մոդայիկ” է ահաբեկչության մասին խոսելը, ադրբեջանցիները, Մհեր Հովհանիսյանի հավաստիացմամբ, սկսել են առավել ակտիվ աշխատել այն ուղղությամբ, թե իբր Արցախի ազատագրական պայքարը ոչ այլ ինչ էր, քան ահաբեկչություն: Մեր հարեւան պետությունը, մեզանով անհանգստացած, ստեղծել է Armenia.az կայքը, որում Հայաստան-Ադրբեջան համեմատությունների մի ամբողջ շարան է ներկայացվում, անգամ հայերեն լեզվով, որպեսզի անգլերենին եւ ռուսերենին “չտիրապետող” հայերը կարողանան կարդալ: Ինչպիսի հոգատարություն… Հոգեբան Կարինե Նալչաջյանը բացատրեց ապատեղեկատվություն տարածելու ադրբեջանցիների “խասյաթը”: “Այսօր Ադրբեջանում տեղի է ունենում մասշտաբային ստախոսություն, որը հոգեբանության մեջ անվանում են` պաթոլոգիական, երբ այն առաջացնում է հոգեկան խնդիր: Այն, որ մեր հարեւան պետությունը պառապում է հոգեբանական եւ հոգեբանական լուրջ խնդիրներով, թերեւս գաղտնքի չէ եւ ոչ մեկի համար”,- հայտարարեց Կարինե Նալչաջյանը: Հոգեբանը նշում է, որ առանձնապես հպարտանալու բան չունենալու հետեւանքով ադրբեջանցիների մոտ ստեղծվել է թերարժեքության բարդույթ, եւ նման իրավիճակում գործի դնելով վառ երեւակայությունը` սկսում են չեղածը եղած ներկայացնել, մի քանի անգամ կրկնում հորինած սուտն ու որոշ ժամանակ անց կուրորեն հավատում դրան: Կարինե Նալչաջյանը մտահոգված է, որ ստի մեջ վարպետացած մեր հարեւանները շատ դեպքերում կարողանում են համոզել աշխարհին այս կամ այն ապատեղեկատվության իրավացիությունը: Եվ նման պայմաններում մենք պետք է լինենք “ոչ թե ռեակտիվ այլ ակտիվ”, համախմբված ջանքերով մեր ճիշտը ցույց տանք աշխարհին:
ԱԳՆԵՍԱ ԽԱՄՈՅԱՆ
No comments:
Post a Comment