Thursday, October 14, 2010

ՕԼԻԳԱՐԽՆԵՐՆ ՈՒ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ

«Լրագիր» 14-10-2010- Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 14-ին կայացրել է մի որոշում, որով փաստորեն փորձ է անում միջամտել հայաստանցի շատ օլիգարխների եւ մի շարք վայրի գազանների կյանքին: Բանն այն է, որ կառավարությունն ընդունել է “Կենդանական աշխարհի մասին օրենքի” նախագիծ, որով, ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, “ապահովվում են անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու և օգտագործելու կարգի խախտման իրավահարաբերությունները”:
Հայաստանում անազատ եւ կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ պահվում են գազանանոցում, բայց ոչ պակաս վայրի կենդանիներ են պահվում նաեւ օլիգարխների բակերում: Օրինակ, Գագիկ Ծառուկյանը հպարտությամբ հայտարարում էր, որ ունի մոտ երկու տասնյակի չափ առյուծներ ու վագրեր: Նա միակ օլիգարխը չէ, որ վայրի կենդանի է պահում: Առյուծ, վագր, արջ եւ այլ գազաններ պահելը Հայաստանի խոշոր բիզնեսմենների շրջանում բավական տարածված երեւույթ է, նույնիսկ չափորոշիչ երեւույթ:

Փաստորեն կառավարությունը փորձում է միջամտել օլիգարխների կյանքին, նրանց եւ գազանների “փոխհարաբերությանը”: Իհարկե, եթե անկեղծ եւ շիտակ լինենք, ապա պետք է արձանագրենք, որ կառավարության միջամտության կարիքն ունեն ոչ այնքան օլիգարխներ եւ գազաններ, որքան օլիգարխներ եւ քաղաքացիներ փոխհարաբերությունները: Երեւի թե նախ պետք է քաղաքացիների իրավունքները պաշտպանել օլիգարխիայից, հետո նոր մտածել վայրի գազանների իրավունքները պաշտպանելու մասին: Առավել եւս, որ այդ գազանների իրավունքները օլիգարխները կարծես թե լավ էլ պահպանում են, նրանց կերակրում են ինչպես հարկն է:

Բայց երեւի թե կառավարությունը հենց դրա համար էլ միջամտում է հենց այդ հարաբերություններին, որպեսզի անելու բան չունենա, քանի որ եթե փորձի քաղաքացիների իրավունքները պաշտպանել, ապա ստիպված է լինելու որոշակի կոնկրետ եւ հստակ պահանջներ ներկայացնել օլիգարխներին: Իսկ նրանք, բնականաբար, այդ պահանջները լավագույն դեպքում “նետելու” են իրենց գազանների առաջ: Իսկ ինչ կարող է այդ դեպքում անել կառավարությունը: Թերեւս ոչինչ: Դրա համար էլ ավելի լավ է մտնել այնտեղ, ուր առանց այն էլ ոչինչ անել պետք չէ:

Թեեւ օրինակ չի բացառվում, որ կառավարության այդ նախաձեռնությունն ունի հստակ քաղաքական ենթատեքստ եւ տեղավորվում է վերջին շրջանում լայն տարածում գտած ՀՀԿ-ԲՀԿ թեմատիկային: Չի բացառվում, որ առաջիկայում օրինակ կառավարության նախաձեռնությունը “համալրվի” տեղեկություններով, որ ասենք ԲՀԿ առաջնորդը իր պահած վայրի կենդանիների պահման եւ օգտագործման կարգը խախտում է: Եվ հիմա էլ դրանով գրոհ սկսվի Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ: Առավել եւս, որ մի քանի ամիս առաջ կարծես թե այդպիսի մի փորձ եղավ, առյուծի վանդակը նետված ավանակի հայտնի հոլովակը, որ տեղադրվել էր youtube-ում (լուսանկարում): Այն ժամանակ պատմությունը շարունակություն չունեցավ, Ծառուկյանը հերքեց, թե դա իրեն է վերաբերում, բայց թե ում է վերաբերում, ովքեր էին տարածողները, մնաց անհայտ, թեեւ օլիգարխը հայտարարել է, որ աշխատում է դրանց որոնելու ուղղությամբ:

Միգուցե հոլովակը տեղադրողները մտածեցին, որ քանի դեռ օրենքով սահմանված չէ վայրի կենդանիներ պահելու կարգը, հոլովակը չի կարող բավարար արդյունավետություն ունենալ: Հիմա նախաձեռնել են այդ օրենքի ընդունման գործընթաց, եւ ըստ երեւույթին դա կարող է համալրել օլիգարխիայի հետ իշխանության փոխհարաբերության զինանոցը: Ի վերջո, խնդիրը միայն Գագիկ Ծառուկյանը չէ: Չէ որ վերջերս ընդհանրապես հաճախակիացել են խոսակցություններն ու կանխատեսումներն այն մասին, որ հաջորդ խորհրդարանում իշխանությունը փորձելու է նվազեցնել օլիգարխ պատգամավորների թիվը: Ըստ երեւույթին, այդ գործում իշխանության “գործընկեր” կարող են լինել նաեւ վայրի գազանները, անուղղակի. անուղղակի գործընկեր, ոչ թե անուղղակի վայրի կամ անուղղակի գազան:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Հ.Գ. Իհարկե, Հայաստանում վայրի գազաններ նաեւ գազանանոցում են պահում, ընդ որում երեւի թե պահում են հենց կարգի ակնհայտ խախտումներով: Եվ թերեւս կառավարությունը հենց գազանանոցն էլ աչքի առաջ է ունեցել օրենքի նախագիծը մշակելիս, ու այն ոչ մի կապ չունի օլիգարխների հետ: Բայց մյուս կողմից էլ, իսկ ինչ կապ ունի կառավարությունը գազանանոցի հետ:

No comments: