Thursday, October 7, 2010

Թուրքերը լավ էլ գիտեն

Report.am. 7-10-2010- Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող եւ' մահմեդական , եւ' քրիստոնեական եկեղեցիները, հուշարձանները պատկանում են իրեն՝ միայն իրեն։ Դա էր փորձում ի լուր աշխարհի հայտարարել-ցուցադրել մեր արեւմտյան "հարեւանը"՝ արտոնելով օրեր առաջ Անիի Մայր տաճարում թուրք ազգայնականների ուրբաթօրյա նամազի անցկացումը։
Նաեւ այս կերպ է Թուրքիան փորձում ջնջել պատմությունը, նույնիսկ չմտածելով, որ այդ կերպ նաեւ անարգում է հավատացյալ մահմեդականներին, որոնց համար անհասկանալի է այլակրոն պաշտամունքային վայրում աղոթք անելը: Տպավորություն չստեղծվի, թե թուրք հավատացյալների իրավունքներն եմ պաշտպանում, պարզապես Անկարայի որդեգրած քաղաքականությունը ստիպում է նրանց աչք փակել ողջ մահմեդական աշխարհի դավանած կրոնական սկզբունքերը խախտելու դեմ:
Հասկանալի է, թե Թուրքիան այս իրարամերժ քայլերով ինչ է ցանկանում եւ ուր է գնում: Հայաստան պետությունն էլ ժամանակ առ ժամանակ մի ալարկոտ բողոքի ձայն է բարձրացնում ու վերջ։ Չի էլ ուզում գոնե հասկացնելու փորձ անել, որ մենք ամենեւին էլ չենք ցանկանում կեղծ բարեկամություն հաստատել` փոխարենը մշտապես չստանալով այն, ինչ առանց այն էլ մերն է:
Թուրքիայի այժմյան տարածքում գտնվող ավելի քան 2500 պատմական հուշարձանները, եկեղեցիները հայկական են: Դրանցից մեկը թուրքերը վերականգնեցին (ինչ-ինչ պատճառներով), մեկի մոտ էլ նամազ արեցին։ Հենց վերջինիս՝ Անիի Մայր Տաճարի մասին էլ սկսել են լուրեր շրջանառվել, որ թուրքերը՝ հայերի հետ միասին, պատրաստվում են վերանորոգել։
Ինչպես տեղեկացանք Հայաստանի ճարտարապետների միությունից` լուրերը ճիշտ են, բայց...
"Ոչ թե Թուրքիան է գնացել այդ քայլին, այլ Թուրքիայի ճարտարապետների միությունը: Դա բոլորովին ուրիշ բան է: Դա հասարակական, մասնագիտատական կազմակերպություն է: Մենք, չգիտեմ ինչու, իրար լեզու հասկանում ենք",- Report.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
2005 թվականին Ստամբուլում անցկացված Ճարտարապետների միջազգային կոնգրեսի ժամանակ Թուրքիայի ճարտարապետների միության նախագահի հետ համաձայնություն է ձեռք բերվել` անել հնարավորը, որպեսզի երկու ստեղծագործական, մասնագիտական միությունները կարողանան օգտակար լինեն միմյանց: Ըստ կնքված համաձայնագրի, որը մինչեւ հիմա ուժի մեջ է` տեղեկություններ փոխանակելու պայմանավորվածություն կա, ներկայացրեց Մկրտիչ Մինասյանը:
"2007 թվականին, երբ մենք ներկա էինք Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը, պարզվեց, որ իրենց Ճարտարապետների միության, նախագահը փոխվել է: Նորընտիր նախագահի հետ նույնպես քննարկեցինք եւ այդ համաձայնությունն ավելի ամրապնդվեց եւ որոշակիացավ` մենք հնարավոր ամեն ինչ պետք է անենք, որ անկախ քաղաքական խնդիրներից, կարողանանք պահպանել ձեռք բերվածը: Առանց մեզ տեղյակ պահելու իրենք որեւէ աշխատանք չեն իրականացնելու",- ներկայացրեց ճարտարապետը:
"Քաղաքական խնդիրների պատճառով հնարավոր է` մենք շատ բան կորցնենք ճանապարհին: Այս ժամանակները մի քիչ անցնեն, ավելի որոշակի գործողությունների կանցնենք": Նրա տեղեկացմամբ, Հայաստանի հուշարձանների պահպանության գործակալությունը, մշակույթի նախարարությունը նույպես որոշ քայլեր են անում, սակայն առայժմ ամեն ինչ պայմանավորվածությունների շրջանակից դուրս չի գալիս: Դրանք այդպես էլ անկատար կմնան, քանի դեռ երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել:
Հայաստանի ճարտարապետների միության նախագահը համամիտ է, որ Թուրքիայում հայկական եկեղեցիների հետ կապված վերջին իրադարձությունները Թուրքիայի նվաճողական-զավթողական քաղաքականության շարունակությունն են: "Իհարկե այդպես է: Մեր հուշարձանները գտնվում են այդ պետության սահմաններում, իրենք են տնօրինում: Մենք կարող ենք ընդվզել, բայց այդ ամենը զուտ բարոյական հիմքերի վրա: Կամ էլ պետք է դատարան տրվի եւ պարզվի, որ պետության կողմից ուղղորդված քայլերով են դրանք ոչնչացվում":
Մկրտիչ Մինասյանը մասնագիտական, ճարտարապետական տեսանկյունից բարձր է գնահատում Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: "Այն ժամանակ, երբ նրանք Սուրբ Խաչը վերականգնել էին, մենք դա ասացինք, որովհետեւ այն, ինչ լավ է արվում, պետք է գնահատվի լավ"։
Ճարտարապետի ներկայացմամբ, Թուրքիայում շատ լավ գիտեն՝ ինչ հայկական արժեքներ են գտնվում իրենց տարածքում: "Մեզ կրկնակի ջանք չի պահանջվում, որ իրենց ասենք` Սուրբ Խաչը հայկական է: Մեր կոլեգաները շատ լավ գիտեն: Ուրիշ բան է Թուրքիայի ընդհանուր հասարակական կարծիքը, որն ուղղորդվում է բոլորովին ուրիշ կազմակերպությունների կողմից":
Անիի եկեղեցին համաշխարհային ճարտարապետական գոհարներից է, նշում է ճարտարապետը` ներկայացնելով եկեղեցու պատմութունը: Կառույցը գոթական էլեմենտներ է պարունակում, որը հետագայում դարձել է Եվրոպայի գոթական տաճարների ոճը:
Անիի Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցին հիմնել է Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալը 989 թվականին: Վանքի շինարարական աշխատանքները 1001 թ. ավարտին է հասցրել Գագիկ Ա Բագրատունու կինը` Կատրիդե թագուհին, իսկ ճարտարապետը եղել է Տրդատը:
Տաճարի գմբեթին կանգնեցվել է մարդահասակ արծաթյա խաչ, իսկ Սմբատ Բ-ն Հնդկաստանից բյուրեղյա հսկայական ջահ է բերել տվել:
1010 թ. վանքի կողքին կաթողիկոս Սարգիս Ա Սեւանցին (992-1019թթ) կառուցել է Սբ. Հռիփսիմյանց վկայարանը:
1064 թ. սելջուկները գրավել են Անին եւ վանքը վերածել մզկիթի:
1319թ երկրաշարժից քանդվել է եկեղեցու գմբեթը, 1988թ` հյուսիսային եւ արեւմտյան անկյունները:
"Անին մեր ամենափայլուն գոհարներից է: Գլխավորը, որ մենք կարողանանք պահպանել այն: Օրինակ, Սուրբ խաչն արդեն եւս հազար տարվա կյանք ունի”,- կարծում է Մկրտիչ Մինասյանը համաձայնելով, որ պետք է բաց չթողնել մերը պահպանելու եւ վերադարձնելու յուրաքանչյուր հնարավորություն, եւ ոչ թե որպես պարգեւ ընդունելով, այլ` հաղթանակած արդարության զգացումով:
Պայմանավորվածությունների շրջանակում նախատեսվում է վերանորոգել նաեւ Ախուրյան գետի կամուրջը, որի հիմքերը կան ափի երկու կողմերում: "Համաձայնություն կա, որ մենք այս կողմից եւ նրանք այն կողմից կառուցենք կամուրջը` հիմքում ունենալով այն գաղափարը, որ կամուրջ վերականգնելը նշանակում է հարաբերություններ վերականգնել նաեւ երկու երկրների միջեւ":
Հարեւանների հետ լավ հարաբերություններ ունենալուն, իհարկե, ոչ ոք դեմ չէ, սակայն հարց է՝ երբ եւ ինչի՞ դիմաց...
ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆ

No comments: