Thursday, October 21, 2010

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԸՆԹԱՆԱԼ ԱՌԱՋ, ԵԹԵ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԳՆԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ»

«ԱԶԳ», 21-10-2010 - «2011-ին հնարավո՞ր է, որ հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանի մեծ օրակարգից դուրս բերվեն, եւ Հայաստանն իր ստորագրությունը հետ վերցնի այդ փաստաթղթերից»: Սա երեկ Ազգային ժողովում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հարցն էր:
«Մեր քայլերը կախված կլինեն ապագայում տեղի ունենալիք զարգացումներից», ասաց նախարարը` հիշեցնելով հայ-թուրքական խնդրում Հայաստանի դիրքորոշումը: «Բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք ընթանալ առաջ, եթե Թուրքիան նորից պատրաստ լինի առանց նախապայմանների գնալ հարաբերությունների կարգավորմանը», ասաց Նալբանդյանը:
Նախարարի բնորոշմամբ` հայ-թուրքական գործընթացը բավական բարդ էր, սակայն հայկական կողմն այն սկսելով միայն մեկ ցանկություն ուներ` կարգավորել հարաբերությունները:
Նալբանդյանը նշում է, որ հայկական կողմը հնարավոր բոլոր ջանքերը գործի դրեց գործընթացն առաջ մղելու համար` պայմանավորվածություններից մինչեւ արձանագրությունների ստորագրում: «Հայաստանը պատրաստ էր շարունակել գործընթացը, իրագործել կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները: Հայկական դիրքորոշումն այդ հարցում համահունչ էր միջազգային հանրության դիրքորոշմանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հայտարարեց, որ արձանագրությունները պետք է վավերացվեն առանց նախապայմանների, ու ողջամիտ ժամկետում իրականցվեն պայմանավորվածությունները: Նույն դիրքորոշումն ունեին նաեւ ԱՄՆ-ն, ԵՄ-ը եւ ՌԴ-ն»:
Նալբանդյանի գնահատմամբՙ դիվանագիտական գործընթացի մեջ յուրաքանչյուր երկիր պետք է ունենա միջազգային հանրության աջակցությունը: Հայ-թուրքական գործունեության սկզբից մինչեւ արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցումը Հայաստանն այդ աջակցությունն ուներ:
«ԱՄՆ-ի պետքարտուղարը Հայաստանում հայտարարեց այն, ինչ մենք ենք նշել` գնդակը գտնվում է թուրքական դաշտում, Հայաստանն անցել է իր ճանապարհը, հերթը Թուրքիայինն է: Պետք է քայլեր ձեռնարկել առաջ շարժվելու համար»:
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ հայ-թուրքական գործընթացով միջազգային հանրության համար Հայաստանը ըմբռնելի գործընկերոջ վարկանիշ ձեռք բերեց: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն էլ Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր եւ օրակարգային ուղղություններից է: «Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի շարունակման ջատագովն ենք լինելու: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմին եւ հանրությանը հրապարակայնորեն հայտարարել ենք, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության իրողությունը եւ դրա միջազգային ճանաչման կարեւորությունը»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: