Thursday, October 7, 2010

«ԵԹԵ ԱՅԱ ՍՈՖԻԱՆ ԵՎ ՍՈՒՄԵԼԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՆՈՒՅՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ, ԱՊԱ ԻՆՉՈ՞Ւ ՀՈՒՅՆԵՐԸ ՊԱՏԱՐԱԳԸ ՄԱՏՈՒՑԵՆ, ԻՍԿ ՄԵՆՔ ՆԱՄԱԶ ՉԱՆԵՆՔ»

«ԱԶԳ», 07-10-2010- Տրապիզոնի հունաց Սումելա վանքում, ապա նաեւ Աղթամարի հայկական Սուրբ Խաչ եղեկեցում մատուցված պատարագներից հետո ուլտրաազգայնամոլ «Մեծ միասնություն» կուսակցությունը Այա Սոֆիա տաճարում նամազի թույլտվության դիմում է ներկայացրել Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարություն, որի ենթակայության տակ որպես թանգարան գործում է տաճարը:
Ինչպես հոկտեմբերի 4-ի համարում նշում է «Ջումհուրիեթ» թերթը, կուսակցության Ստամբուլի քաղաքային վարչության ղեկավար Բայրամ Քարաջան թուրքական ANKA գործակալությանն արած հայտարարության մեջ ասել է, որ նախարարությունն առ այսօր չի պատասխանել կուսակցության դիմումին: Ապա նա շարունակել է. «Դրական թե բացասական պատասխան չստանալու դեպքում կուսակցությունը վարչական դատարան դիմելու իրավունք կստանա, որտեղ էլ հետամուտ կլինի Այա Սոֆիայում նամազ անելու իր իրավունքին»:
Ըստ թուրքական թերթի, «Մեծ միասնություն» կուսակցության Ստամբուլի քաղաքային վարչության ղեկավարը ընդգծել է. «Այա Սոֆիան եւ Սումելան ունեն նույն կարգավիճակը, երկուսն էլ որպես թանգարան են գործում: Հատկանշական է, որ մշակույթի նախարարությունը եկեղեցական արարողության հարցում ընդառաջում է հույն ուղղափառների դիմումին: Սա այն դեպքում, երբ Մաչքայում, ուր գտնվում է Սումելա վանքը, հույները համայնք չունեն: Եթե Թուրքիան, ինչպես նշված է սահմանադրության 2-րդ հոդվածով, աշխարհիկ պետություն է, ապա դատարանում պահանջելու ենք, որ երկրում Սումելայի առումով ուղղափառ հույներին ցուցադրված հանդուրժողականությունը Այա Սոֆիայում ցուցաբերվի նաեւ մեզ»:

No comments: