Wednesday, October 20, 2010

Հայաստանը մամուլի ազատության ինդեքսում դիրքերը բարելավել է տասը հորիզոնականով

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն (RSF) այսօր հրապարակել է «Մամուլի ազատություն – 2010» ինդեքսը, որում Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով 178 երկրների ցանկում զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը: Նշենք, որ RSF-ի 2009թ. աղյուսակում Հայաստանը զբաղեցնում էր 111-րդ հորիզոնականը։
Ըստ զեկույցի, տարածաշրջանում Հայաստանը մամուլի ազատության տեսանկյունից զիջում է միայն Վրաստանին, որը զբաղեցնում է 99-րդ հորիզոնականը: Իսկ Թուրքիայում, Ռուսաստանում և Ադրբեջանում մամուլի ազատության վիճակը շատ ավելի վատ է. Թուրքիան զբաղեցնում է 138-րդ, Ռուսաստանը՝ 140-րդ, իսկ Ադրբեջանը՝ 152-րդ հորիզոնականը:
Զեկույցի համաձայն՝ մամուլի ազատության ցուցանիշով աշխարհի առաջատար պետություններն են Ֆինլանդիան, որը ցուցակում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, Իսլանդիան, Նորվեգիան, Հոլանդիան, Շվեդիան և Շվեյցարիան:
Ըստ զեկույցի, աշխարհում խոսքի ազատության տեսանկյունից ամենավատ վիճակում գտնվող երկրներն են Լաոսը (168), Ռուանդան (169), Եմենը (170), Չինաստանը (171), Սուդանը (172), Սիրիան (173), Մյանմարը (174), Իրանը (175), Թուրքմենստանը (176), Հյուսիսային Կորեան (177) և Էրիթրեան (178):

No comments: