Wednesday, October 20, 2010

Դեմոյան. Ալիեւների ողջ ընտանիքը ակտիվ հակահայկական քաղաքականություն է վարում

News.am. 20-10-2010- Ինչպես սովորական ծովահենները, ադրբեջանցի պատմահենները եւս ունեն իրենց գանձերն ու մարգարիտները, որոնք, ի տարբերություն իսկական ծովահենների, չեն թաքցնում, այլ ներկայացնում են աշխարհին` թերթերի եւ «ակադեմիական» աշխատանքների էջերում: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Ըստ Դեմոյանի՝ Ադրբեջանը զգալի նյութական միջոցներ է ծախսում հակահայկական քարոզչության վրա, իսկ ֆաշիզմի հակահայկական քաղաքականությունը վարվում է պետական մակարդակով՝ համակարգվելով բարձրագույն պաշտոնյաների կողմից. «Հակահայկական քարոզչության ղեկին Ալիեւների կլանն է: Նրանք չեն հասկանում, որ պատերազմի վերսկսումը Ղարաբաղում կհանգեցնի ոչ միայն հայերի շրջանում կորուստների, այլեւ բացասաբար կազդի ադրբեջանցիների երիտասարդ սերունդների վրա»:
Մինչ Իլհամ Ալիեւը հանդես է գալիս ռազմատենչ ճառերով, Ադրբեջանի առաջին տիկինը հակահայկական տրամադրությունների եւ ադրբեջանցիների դրական իմիջի ստեղծման համար օգտագործում է Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամը: Նա նաեւ ՅՈՒՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպան է: Ակտիվ հակահայկական քարոզչություն է վարում Ալիեւների դուստրը՝ Լեյլան, ով Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ է սերմանում:
Ըստ Դեմոյանի՝ պատմահենության օրինակ է «ադրբեջանցիների ցեղասպանության» մասին տեղեկությունների տարածումը: Պետությունը 1 մլն է ծախսել «ադրբեջանցի ժողովրդի ցեղասպանության զոհերին» նվիրված հուշակոթողների վրա: Փորձագետը նշել է նաեւ, որ ադրբեջանցիները չեն խորշում պատմությունն աղավաղելիս օգտվել ֆոտոշոփից: Օրինակ Գոշավանքի հայկական խաչքարը փորձել են ներկայացնել որպես ադրբեջանական գերեզմանաքար, սակայն փորձը ձախողվել է, քանի որ վայ-պատմաբանները մոացել էին մաքրել հայկական գրառումները:

No comments: