Tuesday, October 19, 2010

ԱՄՆ–ում հայկական մաֆիայի բացահայտումը կանդրադառնա ԼՂ խնդրի վրա. Արման Մելիքյան

Տարածաշրջանում և հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում այսօր մեծ դերակատարություն ունի Ռուսաստանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ նշելով, որ Ռուսաստանը ազատագրված տարածքներն օգտագործում է Ադրբեջանում իր դիրքերը վերականգնելու համար։
Մելիքյանը նկատեց, որ այսօր շատերը կան, այդ թվում՝ Հայաստանում, որոնք ցանկանում են Խորհրդային Միության վերականգնումը և դրա համար անգամ որոշակի քայլեր են ձեռնարկում։
Հետևաբար, Արման Մելիքյանի խոսքով, մինչև նոր իրավաքաղաքական իրավիճակի ձևավորումը ԼՂ ազատագրված տարածքների հանձնումը հնարավոր չէ:
Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարարն անդրադարձավ նաև ԱՄՆ-ում վերջերս հայերի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր զեղծարարության բացահայտմանը` նշելով, որ «ամերիկյան բացահայտումն անպայման ազդեցություն է ունենալու ԼՂ խնդրի և դրա լուծման վրա: Ուղղակի կապ չի ունենա, բայց ես ակնկալում եմ լուրջ ճնշումներ ՀՀ քաղաքական իշխանության նկատմամբ»:
Միաժամանակ, Արման Մելիքյանը նշեց, որ ինքն ակնկալում է որպես այդ միջադեպի շարունակություն արտասահմանյան կազմակերպությունների կողմից ՀՀ մի շարք նախկին և ներկա պաշտոնյաների գումարների սառեցում, որոնք, սակայն, Հայաստան չեն վերադարձվի: Մելիքյանի համոզմամբ, ամերիկյան բացահայտման հետևանքով առաջացած իրավիճակը գործող իշխանությանը կարող է դրդել գնալ ծայրահեղ քայլերի, այսինքն՝ զիջումների ԼՂ հարցում:

No comments: