Thursday, October 14, 2010

Թուրք ընթերցողն ահազանգում է. Մալաթիայի հայկական եկեղեցին ավերման շեմին է

News.am. 14-10-2010- Թուրքիայի Մալաթիա քաղաքի բնակիչ Սուլթան Քըլըչն իր անհանգստություն է հայտնել Մալաթիայի տեղական թերթերում եւ թուրքական իշխանություններին կոչ արել փրկել Մալաթիայի հայկական Թաշհորոն եկեղեցին։
Թուրք ընթերցողը նշել է, թե եկեղեցու պահպանության նպատակով դռներն ու պատուհաները քարերով են փակվել, սակայն օրեր առաջ ինքը նկատել է, որ եկեղեցու պատի մեջ անցք են բացել, որտեղով մարդ կարող է մտնել։ Քըլըչը նշել է, թե ինքը այդ հարցով դիմել է թաղամասի պատասխանատուին, ով ասել է. «Այդ հայկական եկեղեցին իմ պատասխանատվության տակ չէ, սակայն, չգիտես ինչու, բոլորն ինձնից դրա համար հաշիվ են պահանջում։ Մեր թաղամասի բնակչությունը տեր է կանգնել հայկական Թաշհորոն եկեղեցուն։ Այդ եկեղեցին այլ տեղ լիներ, վաղուց քանդած կլինեին։ Իմ նախաձեռնությամբ են եկեղեցու պատուհաններն ու դռները քարերով պատվել, որպեսզի այնտեղ չմտնեն հայերի գանձեր որոնողներն ու, հարբեցողները եւ չվնասեն եկեղեցին։ Բոլորը ցանկանում են, որ այդ եկեղեցին բացվի, այդ թվում՝ իշխանությունները։ Սակայն ոչ ոք ջանք չի գործադրում այն բացելու համար։ Ես իմ հույսը չեմ կորցնում»։
Հայկական եկեղեցու ճակատագրով անհանգստացած Մալաթիա քաղաքի բնակիչ Սուլթան Քըլըչը նշել է, թե ինքը լուսանկարել է եկեղեցին ներսից եւ դրսից ու լուսանկարներն իր խնդրանքի հետ միասին ուղարկել կառավարություն։ «Հեյ, մշակույթի նախարարություն, Մալաթիայի նահանգապետարան, Մալաթիայի քաղաքապետարան, Մալաթիայի տուրիզմի եւ մշակույթի վարչություն, Մալաթիայի թանգարանների վարչություն, որտե՞ղ եք։ Թաշհորոնը վիրավորվել է, Թաշհորոնը մահանալու վրա է, սակայն նա ապրել է ուզում»,-ավարտել է իր խոսքը Քըլըչը։

No comments: