Wednesday, October 20, 2010

Թուրքիայում ակտիվորեն «հայերի կողմից սպանված թուրքերի» զանգվածային գերեզմաններ են գտնում

Tert.am. 20-10-2010- Թուրք հետազոտողները Թուրքիայի տարածքում ակտիվ կերպով շարունակում են «հայերի կողմից կոտորված թուրքերի զանգվածային գերեզմանների» հայտնաբերման աշխատանքները:
Երկու օր առաջ Կարսի Կովկասի համալսարանի հնագետները Արդահանի Հալիլէֆենդի թաղամասում գտնվող Յանըք մզկիթի շրջակայքում իրականացրած աշխատանքների արդյունքում հայտնաբերել են 20 մարդու կմախք:
Թուրք փորձագետները վստահեցնում են, որ այդ տարածքում 1915-1920թթ. Հայ հեղափոխական դաշնակցության ջոկատները 300 թուրք են այրել:
Իսկ երեկ Վանի Գևաշ շրջանի Յանքընչայ գյուղում Աթաթուրքի անվան համալսարանի դասախոս, հնագետ պրոֆեսոր Ջևդեթ Բաշարանի գլխավորությամբ իրականացվող աշխատանքների արդյունքում նույնպես հայտնաբերվել է «հայերի կողմից սպանված թուրքերի զանգվածային գերեզման»:
«Գերեզմանից հայտնաբերված մարդկային ոսկորները վկայում են այն մասին, որ այդտեղ թաղված են կանայք, տղամարդիկ և երեխաներ»,- հայտարարել է թուրք պրոֆեսորը` ընդգծելով, որ այդ տարածքում հայկական ջոկատները 1915թ. սպանել և թաղել են 500 թուրքերի:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ նմանատիպ գերեզման հայտնաբերվել էր նաև Էրզրումից 8 կիլոմետր հեռավորության վրա Թեփեքյոյ գյուղում: Այդ ժամանակ թուրք հնագետների աշխատանքներին մասնակցող Աթաթուրքի անվան համալսարանի հայ-թուրքական հարաբերությունների հետազոտական կենտրոնի տնօրեն Էրոլ Քյուրքչյուօղլուն հայտարարել էր, թե հայերի կողմից Էրզրումում 1916-1919թթ. սպանվել է 50 հազար թուրք և ավելացրել, որ իրենք պատրաստվում են Էրզրումի կենտրոնական վայրերից մեկում տեղադրել «թուրքերի ցեղասպանության» հուշակոթող:

No comments: