Thursday, October 14, 2010

Zaman. Հայ-իրանական բարեկամական հարաբերությունները կարեւոր են Թուրքիայի համար

NewԹուրքական հայտնի Zaman պարբերականի վերլուծաբան Ֆիքրեթ Էրթանն անդրադարձել է հայ-իրանական ջերմ հարաբերություններին՝ ընդծելով դրա կարեւորությունը Թուրքիայի համար։
«Մեր հարեւանների հետ մեր հարաբերությունները շատ կարեւոր են։ Մյուս կողմից մեր հարեւանների եւ իրենց հարեւանների հարաբերությունները նույնպես կարեւոր են, քանի որ դրանք կարող են ազդել մեր հետ հարաբերությունների վրա։ Այդ պատճառով, անհրաժեշտ է հետեւել, թե ինչպես են ընթանում մեր հարեւանների հարաբերությունները իրենց հարեւան երկրների հետ»,- նշել է թուրք վերլուծաբանը՝ հավելելով, որ Թուրքիային հարեւան, բայց դեռեւս ոչ բարեկամ Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի բարեկամ Իրանի հետ մեծ կարեւորություն է ներկայացնում Թուրքիայի համար։
Zaman-ի վերլուծաբանը ընթերցողին հիշեցրել է, որ հայ-իրանական հարաբերությունները վաղուց են ընթանում եւ գնալով զարգանում ու ամրանում են։ «Երկու երկրների ղեկավարները եւ նախարարները բավականին հաճախ են իրար հետ հանդիպում։ Օրինակ՝ մի քանի օր առաջ Իրանի խորհրդարանի նախագահը Երեւանում շատ կարեւոր հանդիպումներ անցկացրեց»,-նշել է Ֆիքրեթ Էրթանը՝ ավելացնելով, որ հայ-իրանական համատեղ բազմաթիվ տնտեսական եւ էներգետիկ խոշոր ծրագրեր են իրականացվում։
Թուրք վերլուծաբանը նշել է, թե Թուրքիային հետաքրքրում է այն, որ հայ-իրանական հարաբերությունները էներգետիկ եւ հեռահաղորդակցման ոլորտում մեծ չափերի են հասնում՝ պնդելով, որ կողմերի միջեւ որեւէ քաղաքական խնդիր չկա, ինչի համար Իրանը մի քանի անգամ հայտնել է, թե պատրաստ է միջնորդ լինել Ղարաբաղի խնդրում։

No comments: