Thursday, November 18, 2010

Հայաստանի տնտեսությունում ռուսական ուղղակի ներդրումներն ավելացել են 1,5 մլրդ-ով. Պուտին

Tert.am. 17-11-2010- Ռուսաստանը ավանդաբար համարվում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը։ Այս մասին այսօր Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը։
«Չեմ խոսի ապրանքաշրջանառության մասին, այն վատ մակարդակի վրա չէ։ 2009-ի ճգնաժամային տարում իջավ, բայց այժմ վերականգնվում է»,- ասաց նա։ Ըստ ՌԴ վարչապետի՝ Հայաստանի տնտեսությունում ռուսական ուղղակի ներդրումների ծավալներն ավելացել են 1,5 մլրդ-ով և կազմում են 2,8 մլրդ դոլար։
Պուտինը հույս հայտնեց, որ այս տարի Հայաստանին Ռուսաստանի տրամադրած 500 մլն դոլարի վարկը օգտակար է եղել և ստացվել է ժամանակին՝ սոցիալ-տնտեսական ոլորտում կայուն իրավիճակի ստեղծման համար։
Պուտինը նշեց, որ ռուսական խոշորագույն ընկերություններն ակտիվորեն աշխատում են հայաստանյան շուկայում և շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին և Հայաստանի կառավարությանը՝ բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծման համար։
Ինչպես հայտնում է Tert.am-ի թղթակիցը Մոսկվայից, Հայաստանի նախագահն իր հերթին նշեց, որ հայ-ռուսական գործընկերությունը վստահորեն զարգանում է։ «Ռուսաստանը եղել է և մնում է հիմնական առևտրատնտեսական գործընկեր։ Դուք ճիշտ եք, որ ապրանքաշրջանառությունն աճել է 12 տոկոսով»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ երկկողմ երկարաժամկետ տնտեսական կապերի վկայությունն են այն նախագծերը, որոնք կողմերը համատեղ իրականացնում են, մասնավորապես, Մեծամորի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը, երկաթուղային տրանսպորտի արդիականացումն ու ընդլայնումը, կան մեծ ներդրումներ կապի ոլորտում։
«Իրականում մենք լավ ենք զարգանում։ Ես շնորհակալ եմ վարկի համար։ Եթե չլիներ այդ գումարը, ապա այս տարի մենք չէինք կարողանա վերականգնվել»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Նա հավելեց, որ այս տարի գյուղատնտեսության ոլորտում ամեն ինչ այնքան էլ բարենպաստ չէր, ինչը կապված էր եղանակային պայմանների հետ. «Այս տարի գյուղատնտեսության անկումը կազմեց 17-18 տոկոս»։
Ռուսաստանի վարչապետը նկատեց, որ չնայած Ռուսաստանը ինքն էլ խնդիրներ ուներ գյուղատնտեսության ոլորտում՝ կապված եղանակային պայմանների հետ, այնուամենայնիվ արձագանքեց հայ բարեկամների խնդրանքին և այս տարվա սեպտեմբերին 1000 տոննա զորենի սերմացու տրամադրեց, որպեսզի ցանքսը կատարվի ժամանակին և հաջորդ տարի տա լավ արդյունքներ։
«Մենք պատրաստ ենք հետագայում համագործակցել այս ուղղությամբ։ Հարցերը կքննարկվեն աշխատանքային մակարդակով»,- նշեց Պուտինը։

No comments: