Monday, November 8, 2010

«Ժողովրդավարական ուղին» կոչ է անում ազատել քաղբանտարկյալներին և պատժել Մարտի 1-ի իրական մեղավորներին

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղխորհուրդը տարածել է հայտարարություն՝ դատապարտելով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ կատարված վերջին իրադարձությունները։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Արդեն որերորդ անգամ Հայաստանում իշխանությունը բռնազավթած քրեաօլիգարխիկ ռեժիմը ցույց է տալիս իր հանցավոր դեմքը:
Ճղճիմ նկրտումներով` սարսափի ալիքի տակ, կալանավայրերում պատանդ պահվող մեր ընկերներին ճնշելու նպատակով և անմարդկային քայլերի միջոցով ցանկանում են ծնկի բերել գաղափարական պայքարի դուրս ելած, երկրում համակարգային փոփոխությունների մղումով ոտքի կանգնած, ժողովրդավարությունը վերականգնել ձգտող մեր հասարակության ոսկե ներկայացուցիչներին:
Վերջին դեպքերը, կապված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ, հերթական անգամ գալիս են ապացուցելու, որ ռեժիմը կառչել է վերջին փրփուռներից և ամեն ինչ անում է, որպեսզի ներման խնդրագիր կորզի մեր պայծառ երիտասարդից: Սակայն նրանց ջանքերն ի դերև են, զուր են և սնանկ»։
«Ժողովրդավարական ուղին» պահանջում է. «Հեռացեք ու ազատեք մեր ժողովրդին ձեր անբարո ներկայությունից: Հավատացեք, սա կլինի ձեր մարդկային դիմագիծը փրկելու միակ ուղին, եթե իհարկե գեթ մի քիչ մնացել է ձեր մեջ դրանից»։
Կուսակցությունն իշխանություններին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, վերջապես բացահայտել և պատժել 2008թ. Մարտի 1-ին իրականացրած սպանդի իրական մեղավորներին։

No comments: