Friday, November 5, 2010

Նյու Յորքում շարունակվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 65-րդ նստաշրջանը

Նյու Յորքում շարունակվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 65-րդ նստաշրջանը եւ դրա հիմնական կոմիտեների աշխատանքները: Մասնավորապես,
նոյեմբերի 3-ին քննարկումներ են տեղի ունեցել «ժողովուրդների ինքնորոշման իրավունք» օրակարգային կետի շուրջ, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել մոտ չորս տասնյակ երկրների պատվիրակություններ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը վերահաստատում է միջազգային իրավունքի այս կարեւոր սկզբունքի այժմեականությունը եւ կարեւորությունը:
Քննարկումներին մասնակցել է նաեւ Հայաստանը` ի դեմս ՄԱԿ-ում իր մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի, որը նշել է, որ այդ իրավունքի ոտնահարումը հանգեցնում է ողբերգական հետեւանքների, պատերազմի ու ավերվածությունների: Արցախում հայ ժողովուրդը պայքարել է իր ազատության իրավունքի համար` դիմակայելով իր նկատմամբ սանձազերծած պատերազմին եւ իր նախնիների հայրենիքից բնաջնջելու բոլոր փորձերին: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իրականացնելով ազգերի ինքնորոշման իրավունքը, կատարել է իր սուվերենության օգտին ընտրությունը, եւ այդ նպատակին հասնելու համար գործադրել բոլոր իրավական մեխանիզմները: Նա նաեւ կարեւորել է ՄԱԿ-ի դերակատարումը եւ մանդատը երաշխավորելու համար ազգերի եւ ժողովուրդների կողմից անվերապահ ու մշտական հիմունքով ինքնորոշման իրավունքի իրականացումը:

Ադրբեջանի ու Հայաստանի պատվիրակությունների միջեւ տեղի են ունեցել հավելյալ քննարկումներ: Հայաստանի ներկայացուցիչը զավեշտալի է համարել այն փաստը, որ Ադրբեջանն առհասարակ ելույթ է ունենում օրակարգի տվյալ կետի ներքո` միեւնույն ժամանակ փորձեր կատարելով անտեսել արցախահայության ինքնորոշման իրավունքը: Նա նաեւ հավելել է, որ «Մարդու եւ հիմնարար իրավունքների պաշտպանության մեխանիզմները մշտապես բացակայել են Ադրբեջանում, դրանք փոխարինվել են կամայական եւ անօրինական ակտերով: Միջազգային հանրությունն ականատես եղավ, որ շարունակվող քսենոֆոբիայի եւ անհանդուրժողականության արդյունքում ադրբեջանական քաղաքներում հայերի հանդեպ կազմակերպվեցին ջարդեր, խոշտանգումներ, սպանություններ, որոնք աշխարհը ցնցեցին իրենց վայրագությամբ եւ բարբարոսությամբ: Սա էր Ադրբեջանի պատասխանը Լեռնային Ղարաբաղին, երբ վերջինս իրականացրեց ինքնորոշման իր անքակտելի իրավունքը: Տարածաշրջանում ներկա իրավիճակն արդյունք է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂ բնակչության դեմ իրականացված էթնիկ զտումների, զանգվածային սպանությունների եւ, ի վերջո` ռազմական ագրեսիայի ու պատերազմի»:

No comments: