Monday, November 8, 2010

ՀԱԿ-ը հանրահավաք ու պիկետ կանցկացնի վաղը

Նոյեմբերի 9-ին` ժամը 12։00–ին, Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Եվրամիություն-Հայաստան քաղաքացիական հասարակության համաժողովի անցկացման վայրի հարևանությամբ, Հայ ազգային կոնգրեսը 6-ժամանոց պիկետ կանցկացնի: Միաժամանակ, երիտասարդների առանձին խմբեր բողոքի ակցիա կանցկացնեն առավոտյան ժամը 09։00-ից: Պիկետով Կոնգրեսը մտադիր է քննարկման մասնակիցների ուշադրությունը սևեռել հայաստանյան քաղբանտարկյալների խնդրի վրա։ Ինչպես օրերս հայտարարել էր ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, «դա տրադիցիոն ճնշման պիկետ կլինի»։

Նույն օրը՝ ժամը 18։00-ին Մատենադարանի մոտ տեղի կունենա ՀԱԿ կազմակերպած հանրահավաքը, որի ժամանակ անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին՝ ժողովրդավարական ազատությունների վերականգնում, քաղբանտարկյալների ազատ արձակումը, արտաքին քաղաքական մարտահրավերներ։
Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ գրասենյակից, հանրահավաքը կվարի ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ելույթ կունենան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, վերջերս ազատ արձակված քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը և այլք։ Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը կխոսի ընթացիկ քաղաքական իրավիճակի, իսկ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` տնտեսական աղետալի վիճակի և կառավարության ոչ ադեկվատ որոշումների, ինչպես նաև ավտոտրանսպորտի պարտադիր ապահովագրության մասին։
Հանրահավաքից հետո ՀԱԿ–ը երթ կանցկացնի։
Վաղվա միջոցառումների մասին Կոնգրեսն արդեն տեղեկատվական բազմաթիվ հայտարարություններ է փակցրել Երևանում։

Հայ ազգային կոնգրեսը խնդրում է քաղաքացիներին` ճանապարհների փակման, ոստիկանության կամ պետական ու ոչ պետական այլ մարմինների կողմից որևէ խոչընդոտի հանդիպելու պարագայում տեղյակ պահել Կոնգրեսի գրասենյակին` 52–09–74 հեռախոսահամարով:

No comments: