Saturday, November 6, 2010

ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

«ԱԶԳ», 06-11-2010 - Մոտ մեկ ամիս առաջ Ստեփանակերտում տեղի ունեցավ Լրագրողների համահայկական հինգերորդ համաժողովը: Իր արդյունավետությամբ այն աչքի ընկավ թե՛ քանակի եւ թե՛ որակի տեսանկյունից: Այս անգամ համաժողովին մասնակցում էին 200 լրագրողներ եւ խմբագիրներ` 100-ը Սփյուռքից եւ 100-ը Հայաստանից: Այն օգտակար էր երկու տեսանկյունից: Առաջին` այն վեր հանեց խնդիրներ, որոնք լուրջ մարտահրավեր են ներկայացնում հայ տեղեկատվության ներկա ժամանակում: Երկրորդ` Հայաստանում, Արցախում եւ արտերկրում գտնվող հայ լրագրողներն ու խմբագիրները հրաշալի առիթ ունեցան իրար հետ շփվելու, միմյանց հետ ծանոթանալու եւ անձնական հարաբերություններ հաստատելու: Մի բան, առանց որի դժվար է համագործակցել, երբ մարդուն չես ճանաչում եւ չգիտես, թե ինչ անձ է e-mail-ի կամ հեռախոսի հակառակ կողմում:
Նաեւ այս տեսանկյունից սփյուռքի նախարարության այս նախաձեռնությունը հերթական ողջունելի քայլն էր` իրականացված հայաստանյան իշխանությունների կողմից: Նախորդը, որ դարձյալ շատ բարձր եմ գնահատում, ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության» կենտրոնի ստեղծումն էր, որի աշխատանքի արդյունավետությանը վկա եմ եղել անձնական փորձով: Հայաստանին եւ տարածաշրջանին վերաբերող լրատվության ստացման եւ ապահովման ուղղությամբ աշխատանքների ժամանակ այս թիմի պրոֆեսիոնալիզմն ու նվիրումը մեծ օգնություն եղան մեզ համար` որպես սփյուռքահայ մամուլի: Հետեւաբար, վերոհիշյալ երկու նախաձեռնությունները, մեկը մեկին լրացնելով, կարող են շատ օգտակար լինել թե՛ տեղական եւ թե՛ սփյուռքահայ մամուլի համար, եթե կապն օգտագործվի արդյունավետորեն:
Քանի որ ժամանակակից ընթերցողը թերթային մտածողությունից տեղափոխվում է դեպի ինտերնետային ընթերցանություն, սա լուրջ մարտահրավեր է մեր համահայկական լրատվությանը` հետեւելու այս տեսակ մտածողության փոփոխությանը: Վերջերս Facebook սոցիալական ցանցն օգտագործողների թիվն անցավ 500 միլիոնը, իսկ Twitter-ն այս տարվա ապրիլի 10-ի տվյալներով արդեն ուներ 100 միլիոն օգտագործող ամբողջ աշխարհում: Ահա՛, թե որտեղ են այսօրվա ընթերցողները: Նրանք սոցիալական ցանցերում ու որոնման համակարգերի (Google, Bing, Ask, AOL, Yandex, Rambler, Baidu) լրատվական բաժիններում են: Հետեւաբար, ժամանակն է, որ համահայկական լրատվությունը թերթային մտածողությանը զուգահեռ նաեւ արագ քայլեր կատարի` իր ամուր դիրքերն ունենալու համացանցում:
Պարզապես ինտերնետային կայք ունենալը դեռ ոչինչ չի նշանակում: Այսօր հայկական գրեթե բոլոր թերթերն ունեն իրենց կայքէջերը: Սփյուռքում ոչ բոլոր թերթերն ու պարբերականներն ունեն կայքէջեր, բայց նույնիսկ նրանց համար, ովքեր ունեն, այդ փաստը շատ քիչ է հաջողության հասնելու համար: Լուրը պարզապես կայքէջում տեղադրելը դեռ չի նշանակում, թե այն հասու է դառնում օտար կամ թեկուզ հենց հայ ընթերցողին: Յուրաքանչյուր լրատվամիջոց պետք է հատուկ մարտավարություն ունենա համացանցում ընթերցողին հասնելու համար: Հասանելի լինելով ինտերնետային լայն մասսաների` մեր մամուլը կարող է ոչ միայն իր ուրույն տեղն ունենալ համաշխարհային լրատվության ոլորտում, այլ նաեւ եկամտաբերություն ապահովել` դառնալով ավելի զորեղ: Ահավասիկ կոնկրետ քայլերի նախագիծ` այդ նպատակին հասնելու համար:
1. Ունեցեք վեբ-կայք
Ցանկալի է, որ կայքն ունենա բաժիններ այլ լեզուներով նույնպես, քանի որ ընթերցողների լայն մասսաներ կարդում են այլ լեզուներով: Նպատակն է` այդ լեզուներով ընթերցողների մոտ ստեղծել հասարակական կարծիք հայերի մասին եւ եկամուտներ ապահովել, որոնց միջոցները կօգնեն իրականացնել ձեր համահայկական եւ մամուլի հզորացման ծրագրերը:
2. Ուսումնասիրեք Google News եւ Bing News համակարգերը ձեր լեզուներով. Հայերեն չկա, բայց կա գրեթե բոլոր լեզուներով: Գրանցվեք Google.com/news եւ Bing.com/news համակարգերում` ձեր կայքերը մուտքագրելով այնտեղ: Շատ կարեւոր է, որ դուք մանրակրկիտ ձեւով հետեւեք նրանց կանոններին, որպեսզի իրենք ընդունեն ձեր մամուլը` իրենց որոնող համակարգում: Սա ձեզ ավելի շատ ընթերցող կբերի եւ հետեւաբար` եկամուտ:
3. Դիմեք Google Adsense գովազդային ծրագրին, որը ձեզ կօգնի եկամտաբեր դարձնել ձեր թերթը, ռադիոն, TV-կայքը եւ մամուլը` www.google.com/adsense :
4. Ուսումնասիրեք նաեւ այլ գովազդային ծրագրեր եւ տեսեք, թե դրանք ինչպես կարող են ավելացնել ձեր եկամուտները, օրինակ` Vibrant Media, Kontera, Tribalfusion, Valueclick, Yandex Direct, Begun :
5. Օգտագործեք Google Analytics www.google.com/analytics ` ամբողջական ինֆորմացիա ստանալու համար, թե օրական քանի մարդ է կարդում ձեր կայքը, որտեղից են կարդում, որքան ժամանակ են անցկացնում այնտեղ եւ թե ինչպես են ձեզ գտել:
6. Ինտերնետից մի բացակայեք ոչ մի օր, տպագրվեք ամեն օր: Եթե կայք ունեք եւ ամեն օր չեք գրում գոնե մեկ լուր ձեր կայքում, ապա դա ձեզ համար վատ է. մարդիկ հիասթափվում են, երբ նորություն չեն տեսնում եւ այլեւս չեն վերադառնում: Նույնը եւ` որոնման համակարգերը:
7. Ագրեսիվորեն օգտագործեք Twitter, Facebook, Digg, Reddit, Stumbleupon` տարածելու համար ձեր լուրերը: Տեսեք, թե ինչպես են մեծ թերթերը, օրինակ, Huffington Post-ն օգտագործում Twitter եւ Facebook. շատ հաջողված օրինակ է: Նրանք իրենց էջերում ամենուր դնում են Twitter-ի, Facebook-ի եւ այլ սոցիալական ցանցերի լոգոները:
8. Բոլոր այս կետերն անվճար են եւ ոչ մի ծախս չեն պահանջում, այլ ավելացնում են ձեր եկամուտները եւ մեծացնում ձեր լուրերի տարածման շրջանակը:

No comments: