Saturday, November 6, 2010

Վրաստանում դադարեցրին ձերբակալված հայերի ղեկավարած ընկերության գործունեությունը

Tert.am. 5-11-2010- Վրաստանում դադարացվել է միջազգային Saybolt ընկերության վրացական մասնաճյուղի գործունեությունը։ Այս մասին հայտնում է Новости-Грузия–ն։ Այդ ընկերության վրացական մասնաճյուղի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանը և նրա տեղակալ Ռուբեն Խիկոյանը ձերբակալվել են Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով։
Ընկերության՝ Բաթումում գտնվող մասնաճյուղի աշխատակիցը հրաժարվել է մեկնաբանություններ անել ղեկավարության ձերբակալության վերաբերյալ՝ հայտնելով միայն, որ մասնաճյուղը դադարեցրել է իր գործունեությունը։
Հիշեցնենք, որ Վրաստանի ՆԳՆ-ն այսօր հրապարակել է օրեր առաջ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով ձերբակալված անձանց անունները։ Նրանք հիմնականում Վրաստանի քաղաքացիներ են։
Ռուսաստանի քաղաքացիներ, «Սեյբոլթ» ընկերության վրացական մասնաճյուղի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանը և նույն ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խիկոյանը մեղադրվում են Վրաստանի ՔՕ 314–րդ հոդվածի հատկանիշներով (լրտեսություն)։ Վրացի իրավապահների պնդմամբ՝ Գևորգյանը ՌԴ ՊՆ Գլխավոր շտաբին գաղտնի տվյալներ է փոխանցել Վրաստանի զինված ուժերի՝ օտարերկրյա պետությունների հետ համագործակցության մասին, իսկ Խիկոյանը ՌԴ ՊՆ գլխավոր շտաբին գաղտնի տվյալններ է փոխանցել Վրաստանի ՊՆ-ի և արտասահմանյան ընկերությունների միջև ռազմական գնումների ոլորտում կնքված պայմանագրերի մասին։
ՌԴ ԱԳՆ–ն, մեկնաբանելով Վրաստանում հերթական լրտեսական ցանցի բացահայտման վերաբերյալ Թբիլիսի հայտարարությունը, դա անվանել է սադրանք և քարոզչական հնարք. «Միխեիլ Սաակաշվիլին տառապում է հակառուսական հողի վրա քրոնիկ լրտեսամոլությամբ։ Վերջին ժամանակներս Վրաստանի ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ նման սկանդալներ է մոգոնում՝ նպատակ ունենալով դրանից ներքին քաղաքական կամ արտաքին քաղաքական դիվիդենտներ շահել»,– ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ։
ՌԴ Պետդումայի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևն իր հերթին ասել է, որ Թբիլիսին պետք է իմանա, որ Մոսկվան դժբախտության մեջ չի թողնի Վրաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալված իր քաղաքացիներին։

No comments: