Monday, November 8, 2010

«Ազադլիգ».«Ենի Ազերբայջան» կուսակցության իրագործած զեղծարարությունները չէին ծագի անգամ սատանայի գլխում

Panorama.am. 8-11-2010- Ադրբեջանում նոյեմբերի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևելու համար լրագրողներից կազմված ցանցը 2010.xalgdan.info կայքում բերել է ադրբեջանական իշխանությունների` ընտրությունների ժամանակ թույլ տված աննախադեպ զեղծարարությունների մասին իր գրանցած տեղեկություններըը:
Հղում կատարելով դրանց` «Ազադլիգը» գրում է, որ այս վերջին ընտրություններում Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության իրագործած զեղծարարությունները «չէին ծագի անգամ սատանայի գլխում»:
Ընտրատեղամասերից մեկում մեծ թվով կանայք մասնակցել են իշխող կուսակցության կազմակերպած «կարուսելին»: Քվեարկելու եկած կանանց մատներին նախ օճառ է քսվել, հետո` թանաքը: Այլ ընտրատեղամաս գնալիս, նրանք լվացել են ձեռքերը և թանաքից ոչ մի հետք չի մնացել: Այդ տեղամաս ընտրությունների են բերել զինվորների, այն դեպքում, երբ տարածքում զորամաս չկա: Մեկ այլ տեղ դիտորդները նկատել են, որ բազմաթիվ մարդիկ քվեարկել են միևնույն անձնագրով:
Թիվ 43 ընտրատարածքի թիվ 7, 20 և 25 ընտրատեղամասերում կատարվող կեղծարարությունները, ինչպես նաև «կարուսելն» իրագործվել են քաղաքի գործադիր ղեկավարի տեղակալ Ռամիզ Հասանովի և թիվ 32 տեխնիկական լիցեի տնօրեն տիկին Մինարեի հովանավորությամբ: Նրանց ցուցումով 4-5 մարդ ընտրատեղամաս գնացող ճանապարհին փող է բաժանել ընտրողներին և պահանջել քվերակել իշխող կուսակցության թեկնածու Մուխտար Բաբաևի օգտին: Այդ տարածքի թիվ 9 ընտրատեղամասում «Ժողճակատ-Մուսավաթ» ընդդիմադիր ընտրական բլոկի դիտորդները կնքված 17 հատ ընտրաթերթիկ են հատնաբերել ընտրատեղամասի նախագահի մոտ: Իսկ թիվ 16 ընտրատեղամասում իշխող կուսակցության մի դիտորդ «խրձով» քվեաթերթիկ է լցրել ընտրատուփի մեջ:
Լրագրողներից կազմված ցանցը նման բազմապիսի կեղծարարություններ է գրանցել Ադրբեջանի գրեթե բոլոր ընտրատեղամասերում:
«Ազադլիգ» պարբերականը ևս Բարդայում աննախադեպ կեղծարարություն է գրանցել: Ժամը 17-ից հետո թիվ 93 քաղաքային ընտրական օկրուգի երկու ընտրատեղամասերի տեղակայման շենքում լրացուցիչ ընտրատեղամասեր են ստեղծվել: Դա տեղի է ունեցել Զարիֆա Ալիևայի անվան և թիվ 8 դպրոցներրի շենքերում: Այդ ընտրատեղամասերում քվեարկել են Բարդայի գործադիր իշխանության «ընտրյալները»: Այս մասին թերթին հայտնել են «Ժողճակատ-Մուսավաթ» բլոկի թեկնածու Նեմաթ Ալիևի ընտրական շտաբից:
Ըստ «Ենի Մուսավաթ»-ի, թիվ 89 ընտրատարածքից պատգամավորության անկախ թեկնածու Վիդադի Իսգենդերովը լրագրողներին ասել է, որ Ադրբեջանում նոյեմբերի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններն այնքան են կեղծվել, որ տեղամասից թեկնածություն առաջադրած 7 թեկնածուներից 6-ը հանդես են եկել կեղծարարությունների մասին հայտարարությամբ:

No comments: