Saturday, November 6, 2010

«Ազադլիգի» տնօրենի սեռական ակտի ցուցադրումը եթերում օրենքով չի հետապնդվել

Panorama.am. 5-11-2010- Լրատվամիջոցների իրավունքի ինստիտուտն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ հերթական զեկույցն է հրապարակել: Զեկույցում նշվում է, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում 8 լրագրող ենթարկվել է ֆիզիկական, հոգեբանական և տեխնիկական ճնշումների, իսկ «Ազադլիգ» ընդդիմադիր կայքը մի քանի անգամ հակերային հարձակման է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Ազադլիգ» պարբերականի նկատմամբ իրականացված ամենաաղաղակող փաստը «Լիդեր» հեռուստաընկերության եթերով ցուցադրված տեսանհութն էր, որում եղել են «Ազադլիգ» թերթի տնօրեն Ազեր Ահմեդովի՝ ինչ-որ կնոջ հետ սեռական կապի մեջ մտնելու կադրերը: Ի դեպ, այդ կադրերը նկարվել էր թաքնված տեսախցիկի միջոցով: Ահմեդովը ճնշմանն այդպես էլ չի դիմացել և հեռացել խմբագրությունից:
Համապատասխան մարմինները փաստի առնչությամբ ոչ մի հետաքննություն չեն անցկացրել՝ պարզելու, թե ով և ինչ իրավունքով է խառնվել Ահմեդովի անձնական կյանքին: Ազգային հեռուստառադիո խորհուրդը, որը պետք է զբաղվեր այդ հարցերով և չթույլատրեր այդ կադրերի ցուցադրումը, ոչինչ չի արել:
ԶԼՄ-ի նկատմամբ ներկայացվող դատական հայցերը հոկտեմբեր ամսին կրկին ուժգնացել են: Զեկույցում նշվում է, որ ԶԼՄ-ը ընտրական գործընթացները պատշաճ չեն լուսաբանում, իսկ հեռուստաընկերությունները օրենքի սահմաններում ընդդիմադիր թեկնածուներին եթերի իրավունք չեն ընձեռում, ինչը օրենսդրության խախտում է:
Պետության կողմից ֆինանավորվող «АзТВ» հեռուստաընկերությունը նախընտրական քարոզարշավի ժամանակ այդպես էլ ակտիվություն չի ցուցաբերել: Նա միայն ակտիվորեն քարոզչություն է իրականացրել իշխող կուսակցության օգտին, իսկ վճարովի եթերային ժամանակը ոչ բոլոր թեկնածուների համար է հասանելի եղել:

No comments: