Friday, November 26, 2010

ԵԺԻ ԲՈՒԶԵԿԻ ԽՈՍՔՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ` «ԱՆՋԱՏՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱԲԽԱԶԻԱՅԻՑ ԵՎ ՄԵՐՁԴՆԵՍՏՐԻՑ» ՏԱՐԲԵՐ

«ԱԶԳ», 26-11-2010- «Ռուսաստանն ու եվրոպական կառույցները պետք է համատեղ ուժերով գտնեն առկա խնդիրների, այդ թվում` սառեցված հակամարտությունների լուծումը», «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդարանի ղեկավար Եժի Բուզեկը:
Անդրադառնալով անջատված տարածաշրջաններ Մերձդնեստրին, Հարավային Օսիային կամ Աբխազիային` Բուժեկը, իր իսկ խոսքով, հիշեցրել է. «Եվրոմիությունը սատարում է թե՛ Վրաստանի եւ թե՛ Մոլդովայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության գաղափարներին: Առանց այս խնդիրների լուծման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ եւ հաստատուն կարգավորման մենք չենք կարող պնդել, թե ապրում ենք ազատ եւ միասնական Եվրոպայում: Այնպես որ, մեր աշխարհամասի այս հատվածները Եվրոմիության հատուկ մտահոգության առարկա են»:
Եվրոխորհրդարանի նախագահը նաեւ կտրականապես հերքել է պարբերաբար Մոսկվայից հնչող այն պնդումները, թե Արեւելյան գործընկերություն ծրագրի հիմնական նպատակը հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցության թուլացումն է: «Ռուսաստանը չպետք է վախենա, թե Արեւելյան գործընկերության քաղաքականությունը, որի նպատակն է այս տարածաշրջանում բարեկեցության, ժողովրդավարության, կայունության մակարդակի բարձրացումը, իր դեմ է ուղղված: Հակառակը, այս քաղաքականության հիմնական նպատակը կայունության ամրապնդումն է, ինչը բխում է նաեւ Ռուսաստանի շահերից», ընդգծել է Եժի Բուզեկը:
Նա նաեւ չի բացառում, որ հետագայում Եվրոմիությունը կարող է ընդլայնվել ի հաշիվ արեւելաեվրոպական մյուս պետությունների: «Ընդհանուր առմամբ, մեր դռները բաց են եվրոպական բոլոր պետությունների համար: Բայց դա շատ երկարատեւ մի գործընթաց է: Որպես կանոն, սկսած նախապատրաստական փուլից` այդ ողջ գործընթացը տեւում է 10-15 տարի: Եվ մենք գիտենք, թե ինչ դժվար է հասնել նրան, որ այս կամ այն երկիրը համապատասխանի կոպենհագենյան չափանիշներին: Սխալ կլիներ նաեւ կարծել, թե այս հեռանկարը կյանքի կկոչվի տեսանելի ապագայում»:

No comments: