Monday, November 8, 2010

Թուրքիայի նախկին վարչապետ. Էրդողանը դարձել է սիոնիստների գանձապահը

Panorama.am. 8-11-2010- Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթդին Էրբաքանը, հարցազրույց տալով գերմանական «Die Welt» պարբերականին, խստորեն քննադատել է թուրքական ներկայիս կառավարությանը: «Դողան հաբեր» (Dogan Haber) լրատվական կայքի տեղեկացմամբ` Էրբաքանը դատապարտել է Գյուլի և Էրդողանի ուղեգծած քաղաքական կուրսը:
«Նրանք այստեղ (Թուրքիա) բերեցին որոշ արտաքին ուժերի` աշխարհին տիրացած ռասիստական, սիոնիստական իմպերիալիզմի ուժերին: Նրանք (Գյուլ, Էրդողան) առանց հասկանալու աջակից են լինում արևմտյան, սիոնիստական ռեժիմին: Արածների մեծ մասը սխալ է: Հարկերով ու պարտքերով սիոնիստների համար փող են աշխատում: Էրդողանը դարձել է սիոնիստների գանձապահը: Ճիշտ է, նա իմ ուսանողն է եղել, բայց հիմա իմ նպատակը նրան տապալելն է»,- ասել է Էրբաքանն ու հայտարարել իր վերադարձի մասին:
Հիշեցնենք, որ Նեջմեթդին Էրբաքանը 1996-97թթ. գլխավորել է Թուրքիայի կոալիցիոն կառավարությունը: Հարկադրված է եղել հրաժարական տալ զինվորականության ճնշման ներքո:Նրա վարչապետության ժամանակ Թուրքիայում ավելի են խորացել իսլամամետ տրամադրությունները: Էրբաքանը նաև գլխավորել է այժմ լուծարված Բարեկեցության կուսակցությունը, որի հիման վրա էլ ստեղծվել է Թուրքիայի ներկայիս իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը:

No comments: