Thursday, November 25, 2010

ՀՀ ԱԺ նախագահ. Հայ-սիրիական հարաբերությունները քրիստոնյաների եւ մահմեդականների երկխոսության վառ օրինակ է

News.am. 25-11-2010- Անգնահատելի է սիրիահայ համայնքի դերը հայ-սիրիական եղբայրական հարաբերությունների խորացման առումով. հայ համայնքն իր գործունեությամբ մեծապես նպաստել եւ նպաստում է Սիրիայի զարգացմանը եւ հզորացմանը: Այս մասին նոյեմբերի 24-ին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը` Դամասկոսում Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սիրիայի նախագահը բարձր է գնահատել այս տարվա մարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Սիրիա կատարած այցը: Նա կարեւոր է համարել նաեւ տնտեսական համագործակցության խորացումը տարբեր ուղղություններով:
Իր հերթին Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ունեցել է անգնահատելի նշանակություն եւ հայ ժողովրդի գոյատեւումը մեծապես պայմանավորված է այն աջակցությամբ, որի շնորհիվ 20-րդ դարի սկզբին հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից մազապուրծ հայերը ապաստան գտան Սիրիայում: Նա նշել է, որ ինքը գտնվում է մի երկրում, որի օրինապաշտ եւ ազնիվ քաղաքացիներն են հայերը, ովքեր, իրենց նկատմամբ ցուցաբերվող բարյացակամության պայմաններում` պահպանելով իրենց լեզուն ու կրոնը, լիարժեք ինտեգրված են հասարակության մեջ եւ իրենց ներդրումն են կատարում բարեկամ Սիրիայի զարգացման գործում: ԱԺ նախագահի խոսքով` Սիրիայում հայկական մեծ համայնքի առկայությունը քրիստոնյա եւ մահմեդական քաղաքակրթությունների երկխոսության ու փոխադարձ հարստացման լավագույն դրսեւորումներից են:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային հակամարտություններին առնչվող հարցերի, երկուստեք շեշտվեց, որ հիմնախնդիրները պետք լուծվեն խաղաղ բանակցային ճանապարհով, տարածաշրջանում պետք է լինի կայունություն եւ խաղաղություն, քանի որ պատերազմները որեւէ երկրի եւ ժողովրդի, բացի մարդկային եւ նյութական կորուստներից, որեւէ օգուտ չեն բերել:
Հանդիպման վերջում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Հովիկ Աբրահամյանին խնդրել է իր ողջույնները եւ բարեմաղթանքները փոխանցել Սերժ Սարգսյանին:

No comments: