Thursday, November 25, 2010

Է. Մեջիդլի. «Ադրբեջանական կազմակերպությունը ԵԽԽՎ ներկայացուցիչներին 50 հազարական եվրո կաշառք է տվել»

Panorama.am. 25-11-2010- Թուրքիայի Գալաթասարայ և Ստրասբուրգի համալսարանների իրավաբանական ֆակուլտետների շրջանավարտ, BBC, AFP, IHA, ZDF գործակալությունների թղթակից, Եվրոպայի Խորհրդում հավատարմագրված լրագրող Էլնուր Մեջիդլին Ադրբեջանում նոյեմբերի 7-ին անցկացված ընտրությունների առնչությամբ իր բլոգում ԵԽ ԽՎ ներկայացուցիչներին մեղադրել է ընտրական կոռուպցիայի մեջ:
Այս մասին տեղեկացնում է «Բիզիմ յոլ» պարբերականը:
Ըստ թերթի՝ Է. Մեջիդլին գրում է, որ Ադրբեջանի «AVCIA» կազմակերպության ղեկավար Էլհան Սուլեյմանովը հունիսի 22-ին, 23-ին և 26-ին Ստրասբուրգում գաղտնի հանդիպումներ է ունեցել ԵԽ ԽՎ մոնիտորինգային խմբի անդամների հետ:
«Հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 22-ին` կեսօրից հետո, մոտավորապես ժամը 14.00-16.00-ը, 23-ին` երեկոյան ժամը 17-19-ը` «Հիլթոն» հյուրանոցի առաջին հարկում գտնվող կոնֆերանսների փոքր դահլիճում, իսկ 26-ին` երեկոյան ժամը 20-ին` Ստրասբուրգի ռեստորաններից մեկում: Հանդիպման ժամանակ «AVCIA»-ի ղեկավար Էլխան Սուլեյմանովը, նրա թարգմանիչ Մուշֆիգ Մեմմեդովը և «AVCIA»-ի` Փարիզի գրասենյակի ներկայացուցիչներ Մուսլիմ և Ռովշան անուններով երիտասարդները ԵԽ ԽՎ մոնիտորինգային խմբի անդամների հետ քննարկել են Ադրբեջանում առկա քաղաքական իրավիճակը և առաջիկա խորհրդարանական ընտրությունները:
Մոնիտորինգային խմբի` Ադրբեջանի գծով համազեկուցողներ Պեդրոն և Գրեխոն հուսադրել են նրանց` Ադրբեջանի կառավարության հետ մոնիտորինգային խմբի համագործակցության հեռանկարի հարցում: Այդ համագործակցության էությունը եղել է այն, որ մոնիտորինգային խումբն ու համազեկուցողները պետք է Ադրբեջանի գծով զեկույցներ պատրաստեն «մեղմ» թեզիսներով (այդ թվում նաև ընտրությունների արդյունքները), ինչի դիմաց Ադրբեջանի կառավարության անունից լիազորված մարդիկ նրանցից յուրաքանչյուրին պետք է 50-ական հազար եվրո վճարեն: Բնականաբար` որպես կաշառք: Այդ համագործակցությունը գլուխ է բերվել մոնիտորինգային խմբի 11 անդամներից 9-ի հետ»,- բլոգում հավաստում է Է.Մեջիդլին:
Նշելով, որ եվրոպացի դիվանագետների հետ Է.Սուլեյմանովի և նրա մարդկանց հանդիպումների վերաբերյալ ֆոտո և աուդիո փաստաթղթեր-ապացույցներ ունի` Է.Մեջիդլին հավելել է, որ մոտ օրերին հրապարակելու է այդ իրադարձությունների հաջորդ մասը: Մի որոշ ժամանակ Է.Մեջիդլին համագործակցել է «Ազերբայջան», «Այնա», «Խալգ», «ԱզերՆյուզ» և այլ ադրբեջանական թերթերի հետ: Նա նոյեմբերի 7-ի ընտրություններում թիվ 94 Բարդայի գյուղական ընտրական շրջանում պատգամավորության թեկնածու է առաջադրվել, բայց նրան չեն գրանցել:

No comments: