Saturday, November 6, 2010

Օջալանը սպառնում է Էրդողանին. Այս անգամ էլ եմ շանս տալիս

News.am. 5-11-2010- Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանն իր փաստաբանների միջոցով զգուշացրել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, որ այս զինադադրը նրանց վերջին շանսն է:
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Օջալանը հայտնել է, թե քուրդ ժողովուրդն առանձին պետություն ստեղծելու մտադրություն չունի եւ հավելել. «Մենք կողմ ենք, որ ապրենք Թուրքիայի կազմում, մեր պահանջած ժողովրդավարական արժեքների ստեղծամբ։ Թող թուրք հասարակությունը սրա մասին իմանա»:
Օջալանը նշել է, թե ինքն այս անգամ եւս շանս է տալիս «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը։ «Ես արդեն 8 տարի է շանս եմ տալիս Էրդողանի կուսակցությանը։ Սա արդեն 5-րդ ընտրությունն է։ Ամեն անգամ եկել են մոտս եւ ասել. «թող այս ընտրությունն անցնի» կամ «սպասեք մինչ մյուս ընտրություն»: Հիմա եւս ասում են, որ սպասենք մինչ ընտրությունները։ Ներկայումս թուրքական պետության հետ երկխոսությունը դառնում է բանակցություններ։ Ինձ մոտ լուրջ պաշտոնյաներ են եկել»,-նշել է Օջալանը՝ սպառնալով, որ եթե իշխող կուսակցությունն այս մի շանսն էլ չօգտագործի, ներքին բախումներ կլինեն։
Նշենք, որ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում աշխուժացել են թուրքական պետության եւ Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջեւ բանակցությունները, որի արդյունքում Օջալանը հրահանգել է PKK-ին երկարացնել զինադադարը եւ հեռանալ Թուրքիայից, որպեսզի զինադադարի ժամանակահատվածում որոշ շրջանակների կողմից բախումներ չհրահրվեն:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոսովո մեկնելուց առաջ լրագրողների հարցերին պատասխանելիս հաստատել է, որ Օջալանի հետ բանակցություններ վարվել են թե՜ նախկինում, թե՜ ներկայումս եւ դա պետության համար է արվում։

No comments: