Thursday, November 25, 2010

Արցախցիները կտրականապես դեմ են տարածքներ զիջելուն. «Պոպուլուսի» հարցման արդյունքները

Tert.am. 25-11-2010- «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունն այսօր հրապարակեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սոցիալ–քաղաքական հարցերի և արտաքին հարաբերությունների շուրջ միջազգային մակարդակով առաջին անգամ բրիտանական «Պոպուլուս» հանրային կարծիքի ուսումնասիրություններով զբաղվող ընկերության անցրացրած հարցման Լեռնային Ղարաբաղի հետազոտության արդյունքները։ Ինչպես նշեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը, մի քանի օր հետո Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը կարող է բավականին լուրջ անդրադարձ ունենալ հայ ժողովրդին հուզող Ղարաբաղյան հարցի վրա։
Նրա խոսքով՝ այս թեմայի շուրջ անցկացված հարցման արդյունքները թույլ կտան ավելի լիարժեք պատկերացում կազմել, թե կոնկրետ ինչը պետք է հաշվի առնվի այս հարցը, մասնավորապես, դրա լուծման տարբերակները ներկայացնելիս։
«Սա շատ լուրջ ազդակ կլինի Հայաստանից Աստանա»,– ասաց Քամբեքը։
«Պոպուլուսի» գործադիր տնօրեն Էնդրյու Կուպերը ներկայացրեց հարցման արդյունքները։ Այսպես, ԼՂ բնակչությունն ավելի իրազեկված է հակամարտության կարգավորման ներկայիս իրավիճակի մասին, քան Հայաստանի բնակչությունը (համապատասխանաբար՝ 68% և 50%, սակայն նրանք համակարծիք են հակամարտության խաղաղ կարգավորման հանարավոր բաղադրիչների առնչությամբ։
ԼՂ–ի բնակիչները կտրականապես դեմ են այն միջոցներին, որոնց արդյունքում զիջում կարվի Ադրբեջանին։ Նրանք մեծապես դրական է վերաբերվում երկու երկրները կապող միջանցքին (8,5` 1-10 միավորներով սանդղակով)։ Ինչպես և Հայաստանում, ԼՂ–ի բնակչությունը դրական է վերաբերվում հրադադարի ամրապնդման միջոցով դիպուկահարների հեռացմանը և շփման գծի երկայնքով միջազգային դիտորդների տեղակայմանը (6,35)։
Մարդիկ խորապես համոզված են, որ եթե հրադադարն ամրապնդվեր, դա կնվազեցներ զոհերի թիվը (67%), կհեշտացներ ԵԱՀԿ–ի համար խաղաղ բանակցություններ վարելու գործըթացը (60%)։
Այնուամենայնիվ, ԼՂ–ի բնակչության մեծամասնությունը դեմ է այն միջոցներին, որոնք մեծ զիջումներ են ենթադրում Ադրբեջանին՝ հատկապես ԼՂ–ի շրջակա տարածքների հսկողությունը Ադրբեջանին հանձնելը (1,1՝ 1-10 միավորներով սանդղակով)։
Նշենք, որ առկա է խաղաղ կարգավորման բանակցությունների երեք հնարավոր բաղադրիչ, որոնց նկատմամբ ԼՂ–ի բնակիչների վերաբերմունքն ավելի քիչ դրական է, քան հայաստանաբնակներինը։ Այսպես, նրանք շատ ավելի կտրականապես են դեմ (1,78՝ ԼՂ–ում, 3,73՝ ՀՀ–ում) ներքին տեղահանված անձանց և փախստականների իրավունքին՝ վերադառնալ նախկին բնակության վայր, մեծամասամբ ԼՂՀ շրջակա տարածքներ (վերականգնելով 1989թ.–ի ԽՍՀՄ մարդահամարի պատկերը)։
Համաձայն հարցման արդյունքների՝ ԼՂ–ի բնակչությունն ավելի է տեղեկացված ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, քան Հայաստանի բնակչությունը, բայց նրանց պատկերացումները նրա դերի և գործնեության մասին ավելի բացասական են։ Այսպես, բնակչության 51%-ն ասում է, որ տեղեկացված է ՄԽ գործնեության մասին, իսկ Հայաստանում 38%-ն է տեղեկացված։
ԼՂ–ի բնակչության քարորդից էլ պակասն է նշում, որ ՄԽ-ն մեկն է այն կազմակերպություններից, որոնց նրանք վստահում են՝ նշանակալիորեն ավելի ցածր տոկոս, քան Հայաստանում (38%)։ ԼՂ-ում հարցվողների 43%–ն է նշում, որ ՄԽ-ն դեր ունի հակամարտության հաղթահարման գործում, քիչ ավելին, քան Հայաստանի բնակիչները։
Հարկ է նշել, որ ինչպես և Հայաստանում, Ռուսաստանը ծայրաստիճան դրական է ընկալվում ԼՂ–ում։ Հակամարտության կարգավորման գործում ՌԴ ցուցանիշներն ավելի բարձր են, քան, օրինակ, Ֆրանսիայինը։
Հավելենք, որ հարցումն իրականացվել է հոկտեմբերի 22–26–ը Ստեփանակերտում ու Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։ 804 բնակիչ դեմ առ դեմ հարցազրույցի միջոցով պատասխանել են 30-ից ավելի հարցերի։

No comments: